Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ

Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ

Հարցազրույց գրող, «Էլի ես ու ես», «Սպասում» գրքերի հեղինակ Արթուր Հայրապետյանի հետ, ով մշտապես ակտիվ է նաեւ քաղաքական պայքարում:



                                                                    



-Արթուր, տարին ավարտվում է, եկ փորձենք հասկանալ ու ամփոփել, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ անցնող տարվա ընթացքում:






- Տարին եթե ամփոփելու լինենք, ու ես գնահատական տամ, առաջինը պետք է ազնիվ լինեմ նախ ինքս ինձ հետ, հետո նոր՝ ժողովրդի, որովհետեւ ժողովուրդն այսօր հոգնել է ձեւական խոսք, արհեստական, վերամբարձ ճառեր լսելուց: Մանավանդ, որ մեր երկրում չի ձեւավորվում պայքարողի ու պայքարն առաջ տանելու մղումը: Ուստի կարող եմ ասել, որ այսօր մարդկանց քիչ բան է հետաքրքրում, երբ մարդը դուրս է գալիս փողոց, բողոքում, ըմբոստանում ու իր հաղթանակը չի տեսնում, ակամա ինքը՝ մարդը, սկսում է հետ մնալ, հետ մնալ ու ինքն իրեն պայքարել, բայց, ցավոք, տանը նստելով եւ բողոքելով էլ հարց չի լուծվում:



 



Ինչպես տեսաք, մեզ մոտ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, Ազգային ժողովի, քաղաքապետի ընտրություններ: Ես այն ժամանակ պնդում էի, որ կրկին կեղծվելու են ընտրությունները, եւ կրկին խաբեության ընթացքում ընտրվելու է այն մարդը, ով պետք է ընտրվի, միայն այստեղ պետք է օգնության հասնի ժողովուրդը, այսինքն՝ եթե ժողովուրդը ներկայանա ընտրատեղամաս եւ ընտրություն կատարի, ուրեմն ընտրությունը կկայանա, ու կարեւոր չէ, թե ով կընտրվի, որովհետեւ ՀՀԿ-ն գիտի իր անելիքը, թե ինչպես կեղծի, ինչպես հաջողության հասնի: Եվ եղավ այն, ինչը որ եղավ. կայացան ընտրությունները, ու մեր երկրում նույն ՀՀԿ-ն խաբեց ժողովրդին. ընտրվեց նա, ով ի սկզբանե պետք է ընտրվեր:



 



Ընտրվեց Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքապետ ընտրվեց էլի իրենց մարդը՝ Տարոն Մարգարյանը: Ում որ պետք էր, հինգ հազարով գնեցին, ու մի խումբ մարդիկ գնացին ու ընտրեցին, ոմանք էլ վերցրին ընտրակաշառքն ու չընտրեցին:



 



Բայց ես մի բան հաստատ կարող եմ ասել, որ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը չի ընտրվել, ընտրվել է կեղծիքների, խաբեության, մարդկանց վախեցնելու արդյունքում, ինչը որ հաստատում եմ, որ ես ապրում եմ իմ երկրում եւ չունեմ այսօր Սերժ Սարգսյան անուն-ազգանունով նախագահ: Հետո տեսանք, որ Ազատության հրապարակում օրեր շարունակ ցույցեր եղան, որը կազմակերպում էր «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարդիկ արթնացել էին, մարդիկ հույս ունեին, որ ինչ-որ բան փոխվելու է, մինչդեռ Րաֆֆին էլ ժողովրդի վիզը ծուռ թողեց:



 



Ես քաղաքական վերլուծաբան չեմ, որ գնահատականներ տամ, բայց մի բան կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լիդեր չէր: Ուղղակի մարդիկ իրոք հավատացել ու ընտրել էին նրան, որովհետեւ այլ տարբերակ չկար:



 



«Թող չլինի Սերժ Սարգսյանը, ով ուզում է՝ լինի»,- ասում էին մարդիկ: Բայց ես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ երկիր կառավարելու համար փորձ է պետք, իմաստնություն, պատասխանատվության զգացում եւ էլի շատ ու շատ կարեւոր բաներ:



 



- Տարին լի էր հիասթափություններով, արթնացած ու մարած հույսերով…






- Այո, ժողովուրդը եւս մեկ անգամ կոտրվեց, հիասթափվեց, հասկացավ, որ բան չի փոխվելու: Բայց սխալ է: Իհարկե, հասկանում եմ ժողովրդին, բայց մենք պայքարող այն տեսակը չենք, որ գնանք մինչեւ վերջ, խեղճ ենք, խակ ենք: Հետո կհակառակվեմ ինձ ու կասեմ. ամռանը, երբ իշխանությունը թանկացրեց եւ կրկին թալանի միջոցով փորձեց մտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանը, մարդիկ դուրս եկան: Մարդիկ դուրս եկան ու տրանսպորտի թանկացման դեմ պայքարեցին եւ հասան արդյունքի, կանխվեց ապօրինի թանկացումը: Այնուամենայնիվ, կան լիքը կազմակերպություններ, մարդիկ, ովքեր կայանալու խնդիր ունեն ու հենց կայանալու համար պայքարի ձեւ են ընտրել, այսպես ասած, գրանտային ցույցերը: Իհարկե, մարդիկ տուն են պահում, ես այդ մարդկանց չեմ քննադատում, միայն արդյունք եմ ակնկալում: Ես, որպեսզի հստակություն մտցնեմ խոսքիս մեջ, ասեմ, որ այս խառը, ճգնաժամային ժամանակահատվածում մեր մարտնչող ոգին նահանջել է:



 



- Տարվա հերոսը Շանթ Հարությունյա՞նն էր:






- Անդրադառնալով Շանթ Հարությունյանին, ասեմ որ ողջունելի է նրա մտահոգությունը, մղումը, բայց ձեւը գործողությունների արդարացված չէր, թեեւ հասկանում եմ, որ մարդուն հասցրել էին «խենթության»... Ինչպես Պարույր Սեւակն էր ասում. «Առանց գժվելու չկա՛ շահած մարտ»: Ես Շանթին համարում եմ քաղբանտարկյալ եւ սպասում նրա շուտափույթ ազատմանը:



 



- Հարցեր… հարցեր… որոնց պատասխանը, ըստ քեզ, որտե՞ղ է:






- Ախր ոչ մի բան իր տեղում չի մեր երկրում:



Ես մի բան գիտեմ. բոլոր հարցերի պատասխանը կտա Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես ուրիշ փրկություն, այլ ճանապարհ չգիտեմ, իսկ Սարգսյանն ամուր նստել է ու չի ուզում տեղից շարժվել, թեեւ նա շատ լավ գիտի, որ իր օրերը հաշված են, որովհետեւ էլ հնարավոր չէ վախի մթնոլորտում պահել ժողովրդին ու շարունակել: Մենք հիմա Պուտինի դեմ ակցիաներ ենք անում, չենք ուզում միանալ Մաքսային միությանը, չենք ուզում կորցնել մեր անկախությունը, մինչդեռ սրանք հարցեր են, որ լուրջ վերլուծելու կարիք ունեն:



Այսօր փողոցը, որոշ առումներով, դարձել է թատերաբեմ: Դրա համար էլ այսօր թատրոններում տարին մի անգամ էլ նոր ներկայացում չենք տեսնում: Դերասանները մնացել են անգործ, իրենց են փոխարինել քաղաքական երեսփոխանները, գործիչները... Ես մարդ եմ, ով անտարբեր չի կարող ապրել: Մարդիկ՝ հիասթափված, կոտրված, հեռանում են իրենց երկրից ու դառնում քոչվոր: Ու իրենց բարեկեցությունը փնտրում են օտար երկրներում:



 



Շատերը, կարեւորագույն հարցերը, խնդիրները թողած, ընկել են անհեթեթ, ինչ-որ մարդկանց ուշադրությունը շեղող բաների հետեւից, իհարկե, դա էլ մի ուրիշ քաղաքականություն է՝ մարդկանց զբաղեցնելը, ոչ սթափ վիճակում պահելը: Խոսքս ամփոփելով ասեմ ՝ անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ, ինչպես Չեխովն է ասել:



 



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ