Ինքնառաջադրվածները՝ ՀՀԿ-ականների դեմ

Ինքնառաջադրվածները՝ ՀՀԿ-ականների դեմ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ:



Արարատի մարզի հինգ բնակավայրերում եւս պայքարելու են համայնքապետի աթոռի համար:



 



Մենք արդեն գրել ենք, որ մարզի ամենամեծ գյուղերից մեկում՝ Այնթապում, իրար դեմ են դուրս եկել ՀՀԿ-ական գործող համայնքապետ Կարեն Սարգսյանը եւ Այնթապի նախկին ղեկավար, անկուսակցական Լեւոն Թարվերդյանը («Ֆլեշ» ՍՊԸ վարորդ): Գրեթե նույն պատկերն է նաեւ Ջրահովիտ համայնքում, որտեղ կրկին մրցակցությունը  լինելու է նախկինի եւ ներկայի միջեւ: Այստեղ ընտրողի վստահությանն արժանանալու համար պայքարելու են  ինքնառաջադրմամբ գրանցված թեկնածու, ՀՀԿ-ական Վարդան Գրիգորյանը, ով ներկայում Արեւաբույր համայնքի ղեկավարի տեղակալն է, եւ Ջրահովիտի համայնքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Համլետ Ղազարյանը:



 



Մարզի Դարակերտ համայնքում գրանցված թեկնածուն համայնքապետ  Ղուկաս Սիմոնյանն է: Մյուս թեկնածուն՝ Սեւակ Քալոյանը, ինքնաբացարկ է հայտնել, իսկ Լանջառում մրցակցելու են անկուսակցական Տիգրան Գուլգուլյանը եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ, համայնքի ղեկավար Երվանդ Այվազյանը: Բավական մեծ թվով թեկնածուներ են գրանցվել Այգավան համայնքում, ուր ներկայիս համայնքապետ Վահագն Ղուկասյանի դեմ են դուրս եկել ինքնառաջադրված երեք անկուսակցականներ՝ Մուրադ Գաբրիելյանը, Էլիբեկ Քոչարյանը եւ «Վիգհաս» ՍՊԸ տնօրեն Վիգեն Հարությունյանը:



 



Որքան էլ զարմանալի է, այս անգամ առաջադրված և արդեն գրանցված թեկնածուների մեջ չկան ԲՀԿ ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունից հետո ԲՀԿ-ն այլեւս չի համարձակվում մրցասպարեզ դուրս գալ: