Զարմացա, որ վարչապետը չասաց՝ հայկական պլանշետները կարտահանվեն Ճապոնիա

Զարմացա, որ վարչապետը չասաց՝ հայկական պլանշետները կարտահանվեն Ճապոնիա

Արմենիկումից հետո է՞լ ինչ հայտնագործություն կարելի էր անել, որ ցնցեինք ողջ աշխարհը:



Հա՜, դե մեզ մոտ դա լավ է ստացվում, երբ հայտնվում ենք տնտեսական ու քաղաքական տուպիկային իրավիճակում, անպայման մի «գույտ ենք անում», որ մարդիկ սարսռան մեր հետագա կուտակային ազգային հարստությունից:






Այծի պանիրը, բա՜ այծի պանիրը, բա գառան դմակը: Թե ինչքանով դրանք միջազգայնացվեցին ու ինչ խոշոր եկամուտ բերեցին Հայաստանին, ոչ մեկը չիմացավ, միայն այծերի մորուսներները մի քիչ երկարեցին: Հիմա էլ վարչապետը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները: Բահո՜, այծի պանիրից ու՞ր հասանք:






Մի կողմից էլ վարչապետը հանրությանը ե՞րբ է բանի տեղ դրել, որ հիմա մտքովը անցել է՝ հանրությանը ներկայացնել: Հայաստանի վարչապետին կից արդյունաբերական խորհրդի՝ կառավարությունում կայացած հերթական նիստը սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Արմայծ, արմդմակ, արմենիկում բրենդներից հետո փորձարկման է դրվում արմֆոն, արմտաբ համակարգիչները:






Էլի՜ երկիրը բարգավաճեց, էլի հարստացանք, էլի՜ ելք գտանք՝ էս անելանելի տնտեսական ճգնաժամից դուրս գալու: Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը վստահեցրել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջինների գնի համեմատ կլինի էականորեն ցածր:






Վարչապետն անգամ զարմացել է՝ էդ ո՞նց: Մենք ցածր եկամուտով կբավարարվենք՝ ցնցող պատասխան եղավ: Դե գնա ցնցվի՜ր, վարչապետ: Արդեն որոշվել է. պլանշետները կիրացվեն ինչպես հայաստանյան ներքին շուկայում, այնպես էլ միջազգային շուկա կարտահանվեն: Զարմացա, որ վարչապետը չասաց՝ հայկական պլանշետները կարտահանվեն Ճապոնիա:






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ