«Օսկարների» սպասելիս

«Օսկարների» սպասելիս

Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի մարտի 2-ին, Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում, այն կվարի Էլեն Դեջեներսը: Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում է 9 ֆիլմ՝ «Խարդախություն ամերիկյան ձեւով», «Կապիտան Ֆիլիպս», «Ֆիլոմենա», «12 տարվա ստրկություն», «Նեբրասկա», «Ուոլ սթրիթի գայլը», «Նա», «Գրավիտացիա» եւ «Գնորդների դալլասյան ակումբը» ժապավենները:



 



Ամենաշատ` 10-ական անվանակարգերում ներկայացված են Դեւիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմերը: Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր ֆավորիտը` անգլիացի Սթիվ Մակ-Քուինի «12 տարվա ստրկությունը», հավակնում է ինը «Օսկարի»: Այս երեք ռեժիսորները, ինչպես նաեւ Ալեքսանդր Փեյնն («Նեբրասկա») ու Մարտին Սկորսեզեն («Ուոլ սթրիթի գայլը») մրցելու են միմյանց հետ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:



«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում պայքարում են Քրիստիան Բեյլը («Խարդախություն ամերիկյան ձեւով»), Լեոնարդո դի Կապրիոն («Ուոլ սթրիթի գայլը»), Բրյուս Դերնը («Նեբրասկա»), Չիվետել Էջիոֆորը («12 տարվա ստրկություն») եւ Մեթյու Մակ-Քոնահին («Գնորդների դալլասյան ակումբը»): «Լավագույն կին դերակատար» մրցանակին հավակնում են Քեյթ Բլանշեթը («Ժասմին»), Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»), Սանդրա Բալոքը («Գրավիտացիա»), Էմմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձեւով») եւ Մերիլ Սթրիփը («Օգոստոս»):



«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում պայքարում են Դանիայից, Իտալիայից, Պաղեստինից, Բելգիայից եւ Կամբոջայից ներկայացված ժապավենները: Արդեն հայտնի է, որ պատվավոր «Օսկարի» կարժանանան դերասաններ Անջելա Լենսբերին եւ Սթիվ Մարտինը, ինչպես նաեւ իտալացի նկարիչ, զգեստների ձեւավորող Պիեռո Տոզին: Անջելինա Ջոլիին կշնորհվի  Ջին Հերշոլտի պատվավոր մրցանակը` բարեգործական գործունեության համար:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ