Ոչ թե իշխանություն, այլ Եվրաասոցացում

Ոչ թե իշխանություն, այլ Եվրաասոցացում

ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շուրջ անցյալ սեպտեմբերից ի հայտ եկած խնդիրներից ի վեր երեկ նշանակալից, չասելու համար շրջադարձային հանգրվան էր: Անգամ քաղաքականությունից շատ հեռու մարդիկ էլ գիտակցեցին, որ Ուկրաինայի կառավարության հրաժարականը եւ հունվարի 16-ին ընդունված «դրակոնյան» օրենքների վերացումն Ուկրաինայի քաղաքական  ճգնաժամի կարգավորման եվ դեպի Եվրոպա շարժվելու ճանապարհ բացեցին:



 



«Հրապարակի» դեռ շաբաթ օրվա համարում Ուկրաինայի զարգացումներին նվիրված նյութը վերնագրել էինք՝ «Կիեւում կփոխվեն օրենքները եւ կառավարության կազմը»: Ասել է թե երեկ Վերխովնի Ռադայում ծավալված իրադարձությունները կանխատեսելի էին դեռ անցյալ ուրբաթ, երբ մի կողմից Բրյուսելից Կիեւ ժամանեցին Շտեֆան Ֆյուլեն եւ Գունար Վիգանդը, մյուս կողմից պարզվեց, որ Արեւմտյան Եվրոպայում նախագահ Յանուկովիչի անմիջական շրջապատը կազմող օլիգարխների դեմ սկսված ֆինանսական ստուգումներն այնպես են վախեցրել Ռեգիոնների կուսակցության պատգամավորներին, որ կառավարությունը չի կարողանում նրանց գտնել եւ բերման ենթարկել:



 



Այդուհանդերձ, շաբաթ օրը Յանուկովիչի հետ ընդդիմության հերթական հանդիպումից հետո անսպասելի տեղեկատվություն տարածվեց, որ Յանուկովիչը ոչ միայն արձակում է գործող կառավարությունը, այլեւ վարչապետի պաշտոնն առաջարկում է Արսենի Յացենյուկին: Ամենքն արդեն գիտեն, որ Յացենյուկը մերժեց առաջարկը: Ի դեպ, փոխվարչապետի պաշտոնն էլ առաջարկվել էր Վիտալի Կլիչկոյին, եւ նա էլ մերժեց: Սակայն հարգանք է ներշնչում այն, թե Յացենյուկը եւ Կլիչկոն ինչ հիմնավորմամբ մերժեցին առաջարկը:



 



Ի տարբերություն բոլոր ժամանակների հայաստանյան ընդդիմադիր առաջնորդների, որոնց միակ իդեա ֆիքսը սեփական անձը նախագահական աթոռին տեսնելն է, սեփական շրջապատն իշխանության բերելը եւ հետո կողմնորոշվելը, թե իրենք արտաքին քաղաքական ինչ կողմնորոշում եւ արժեքներ են դավանում (այլեւս չասած, որ Տեր-Պետրոսյանն էլ 2013-ի սեպտեմբերին հասավ այնտեղ, որ ի լուր աշխարհի հայտարարեց, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, եւ ԵՄ-ն իրեն առաջարկեր համագործակցություն, անձամբ կշտապեր Ռուսաստան՝ ճշտելու հակընդդեմ առաջարկները. դիրքորոշում, որ խանութպանի հաշվարկից էլ այն կողմ է), Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդները բոլորովին այլ բան ասացին: Արսենի Յացենյուկը հայտարարեց. «Սա շարժում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու համար, ոչ թե իշխանության գալու կամ այն փոխելու: Մեր առաջին պահանջն է՝ ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Երկրորդ պահանջն է՝ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ կալանավորներին, անշուշտ, բացառությամբ նրանց, ովքեր սպանությունների կամ խոշտանգումների մեջ են կասկածվում: Եվ, իհարկե, քաղբանտարկյալների թվում ազատել երկրի թիվ մեկ քաղբանտարկյալին` Յուլյա Տիմոշենկոյին»:



 



Ահա այդպես: Ոչ թե մարդու սիրտը տրոփեց, ու ծնկները ծալվեցին իշխանության գալու առաջարկից, այլ նա առաջարկը մերժեց, որովհետեւ ցնորված չէ այնքան, որ կարծի, թե երկրի խնդիրներն իր անձը պիտի լուծի, այն էլ իշխանության գալով: Ընդհակառակը, իբրեւ հարգանքի եւ գնահատման արժանի անձնավորություն, Յացենյուկը մատնացույց արեց նպատակը, որի համար ելել է պայքարի` Եվրամիության հետ ասոցացումը ու ոչ թե իշխանափոխությունը:



 



Դե, հայաստանյան ընդդիմադիրները թող սեփական գաղափարազրկությունն (չասելու համար՝ բարոյազրկությունը) ու եսակենտրոնությունը համեմատեն այդ մարդու սկզբունքայնության, համեստության եւ վճռականության հետ: Այդ դեպքում հրաշալի կհասկանան, թե ինչու Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներն արժանանում են Արեւմուտքի կատարյալ աջակցությանը, իսկ իրենք նույնիսկ ուշադրության չեն արժանանում՝ անգամ հարթակների վրա աղմկելիս:



 



Իսկ Արեւմուտքի աջակցությունը շատ բան է որոշում: Երեկ էլ այդ աջակցությունն Ուկրաինայում որոշեց «դրակոնյան» օրենքների ետկանչը, կառավարության հրաժարականը եւ արտակարգ դրության բացառումը: Ինչ հետագա քայլեր կարվեն, եւ արդյո՞ք կհայտարարվի փետրվարին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագիրը վերջապես ստորագրելու մասին, կիմացվի այսօր` Կիեւ ժամանած Քեթրին Էշթոնի բանակցություններից հետո:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]