Հայաստանը և Ուկրաինան տարբեր երկրներ են

Հայաստանը և Ուկրաինան տարբեր երկրներ են

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ եվրոպական ինտեգրման գործում Հայաստանը հակառակ քաղաքականություն իրականացրեց, և, անդամակցելով Մաքսային միությանը՝ սահմանափակեց իր բոլոր հնարավորությունները:  



 



Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինայում մղվող պայքարին և Հայաստանի՝ Ուկրաինայի օրինակին հետևելուն, Բորիս Նավասարդյանը, այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»–ի ժամանակ, ասել է. «Իրականում Հայաստանի և Ուկրաինայի միջև տարբերությունները բավականին շատ են և հենց այդ պատճառով է, որ այն ինչ տեղի ունեցավ Կիևում, չի լինում Երևանում»:



 



Թվարկելով հիմնական տարբերությունները՝ Նավասարդյանը նշել է. «Նախ՝ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիները հստակ հասկանում ու գիտակցում են, թե ինչ կտա Ուկրաինայի ինտեգրումը Եվրամիությանը: Երկրորդ՝ կարևոր գործոնը երկրի օլիգարխիան է. Հայաստանյան օլիգարխները ոչ մի գործարար կապ կամ շահ չունեն ԵՄ-ից, ուստի նրանց այդ ինտեգրացիան պետք չէ: Սրա փոխարեն Ուկրաինայի օլիգարխներին ձեռնտու է ԵՄ-ի հետ համագործակցությունը: Իսկ երրորդն ընդդիմադիր կուսակցություններն են»: