Ծերուկն անտանելի է դառնում

Ծերուկն անտանելի է դառնում

Հազվադեպ կարող է պատահել, որ, այսպես կոչված, հանրային սեկտորից կամ քաղաքացիական հասարակությունից հատկապես մեկին օրաթերթում անդրադառնաս: Հանրային կամ քաղաքացիական ֆիգուրների, նույնիսկ շարժումների առաքելությունն ի վերջո այս կամ այն խնդրի մասին բարձրաձայնելը եւ դրա վրա ուշադրություն հրավիրելն է: Իսկ Հայաստանի նման երկրում, որտեղ ազգաբնակչության 99 տոկոս գրագիտության հետ գործ ունենք, մայրաքաղաքային ինժեներից ու բժշկից մինչեւ հեռավոր մարզի հողագործ կարող են տասնյակ խնդիրներ բարձրաձայնել` մի քանի անգամ ավելի գրագետ եւ հավասարակշռված, քան հանրային կամ քաղաքացիական սեկտորի բազմաթիվ  ինքնակոչներ իրար գումարած: Դրա համար էլ հանրային ֆիգուրները, անգամ իրենց ստեղծած շարժումներով, էլեկտրոնային կայքերից ու սոցցանցերից այն կողմ քչերին են հետաքրքրում: Բայց երբեմն այդ ֆիգուրների ցուցամոլությունն անտանելի է դառնում:



 



Ահավասիկ, Բորիս Նավասարդյանը, ով Արեւելյան գործընկերության ծրագրի եւ դրա քաղաքացիական պլատֆորմի ձեւավորումից հետո ընտրվել է Հայաստանում այդ պլատֆորմի ազգային համակարգող: Ազգային պլատֆորմ կոչվածում ընդգրկվել են, եթե չեմ սխալվում, մոտ երկու հարյուր ՀԿ-ներ: Եվ նրանք սեմինարների, հանդիպումների, չգիտես էլ ինչ անվան ներքո պատկառելի դրամաշնորհներ են ստացել: Այդքանից հետո, երբ Հայաստանում Մաքսային Միություն գնալու խոսակցությունները ծայր առան, ազգային պլատֆորմ կոչվածը եւ հատկապես Բորիս Նավասարդյանը, փոխանակ գիտակցելու, որ մտավոր, կազմակերպական, ֆինանսական, թե այլ պատճառներով իրենք չեն կարողացել Հայաստանի հասարակությանը ներկայացնել Արեւելյան գործընկերության եւ ԵՄ ասոցացման էությունը, երկրի համար գծագրվող հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանի քաղաքացին էլ այդ հարցերում կարծիք եւ դիրքորոշում որդեգրի եւ հարկ եղած դեպքում էլ արտահայտի ու պաշտպանի, փոխանակ այդ անչափելի թերացման համար ներողություն հայցելու, արի ու տես, որ լրատվական աստղ է դարձել:



 



Նավասարդյանը դատողություններ է անում  ում եւ ինչի մասին ասես` սեփական աչքի գերաններից խոսելու փոխարեն: Մինչ ճամարտակելը, թե ինչու է Ուկրաինայում այս լինում, Հայաստանում՝ այն, պետք է ականջին օղ անել, որ Ուկրաինայի այսօրվա եվրամայդանները երկու տարի տեւած եվրաասոցացման բացատրական ու քարոզչական աշխատանքի արդյունք են: Իսկ Բորիս Նավասարդյանը, դժբախտաբար, մեկն է, ով Հայաստանում նույնօրինակ բացատրական ու քարոզչական աշխատանքների կատարյալ բացակայության համար կրում է պատասխանատվություն: 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ