Երբ կան խաղի կանոններ, որոնք պարտադիր են, բայց ոչ ընդունելի

Երբ կան խաղի կանոններ, որոնք պարտադիր են, բայց ոչ ընդունելի

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բացառում է, որ Մաքսային միությանն անդամակցելիս ՀՀ-ին ավելի վատ պայմաններ կառաջարկեն, քան մյուս անդամ երկրներին, թեև չի հերքում, որ կան խաղի ընդհանուր կանոններ, որով պարտավոր է առաջնորդվել նաև Հայաստանը։



 




«Խնդիրն այն է, որ Մաքսային միության տարածքի երկրներում կան խաղի ընդհանուր կանոններ և բնական է, որ դու այդ խաղի կանոններով պետք է առաջնորդվես։ Այսինքն՝ բացառվում է, որ այնպիսի բան լինի, որ ՀՀ-ին ավելի վատ պայմաններ առաջարկեն, քան մյուսներին։ Իրականում դրանք ընդհանուր խաղի կանոններ են»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը:



 



Շավարշ Քոչարյանը, ով այն պաշտոնյաներից է, ովքեր մինչև սեպտեմբերի 3-ը հավատացած էին, որ Հայաստանը գնում է ԵՄ, այսօր ակնհայտ հիասթափվածությամբ է խոսում մեր ապագայի մասին՝ չմոռանալով հույս տալ, որ մեկ էլ տեսար՝ բանակցությունների արդյունքում ՄՄ-ում մեզ համար ինչ-որ բան փոխվի դեպի լավը:  Իսկ թե ինչպես է դա պատկերացնում փոխնախարարը, երբ կան բոլորի համար պարտադիր խաղի կանոններ, դժվար է ասել: «Հայաստանն այս իրավիճակից չի կարող բացառապես շահող դուրս գալ, չնայած բանակցություններով արվելու է ամեն ինչ, որ առավելագույնս ընդունելի պայմաններ լինեն»,- ասել է փոխնախարարը: