Պահարանում դրված 15 գիրքը դեռ գրադարան չէ

Պահարանում դրված 15 գիրքը դեռ գրադարան չէ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ կառավարության 2014թ. մշակութային ոլորտի գերակա ուղղությունները: Մասնավորապես ընդգծելով հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծման, ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ծրագրի իրականացման, մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ապահովման եւ մի շարք այլ հարցերի մասին։



 



Նշված կետերի շուրջ իր խոսքը ներկայացնելուց հետո նախարարը սկսեց պատասխանել լրագրողների հարցերին։ Այդպես, օրինակ, պատասխանելով թատերական ներկայացումների տոմսերի հետ կապված հարցին, նա նշեց, որ քաղաքապետարանի, կրթության եւ գիտության, ինչպես մշակույթի նախարարությունների կողմից քննարկվում է այդ հարցը, եւ մինչեւ սեպտեմբեր կներդրվի մի համակարգ, որն այդ հարցը կկարգավորի թե դպրոցների եւ թե թանգարանի դեպքում։ Խոսելով Սոս Սարգսյանի համազգային թատրոնի կառուցվելիք շենքի մասին, Պողոսյանը նշեց, որ երբ գումարները հավաքվեն, նոր կսկսեն շինարարությունը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պետբյուջեից հատկացված գումարներո՞վ չպետք է կառուցվեր այդ շենքը, նախարարը նշեց, որ պետությունը մի մասը պետք է հատկացներ, եւ կային ուրիշ հովանավորներ։ Մնջախաղի պետական թատրոնի առնչությամբ էլ նախարարն ասաց, որ առաջնահերթությունների խնդիր կա, այդ առումով թատրոնն ունի բեմ, որտեղ կարողանում է խաղալ, եւ Մնջախաղի թատրոնի շենքի հարցն այնքան հրատապ չէ, որքան, ասենք, Դեմիրճյանի թանգարանի կամ Գյումրու Մերկուրովի թանգարանի հարցը, որոնք վերանորոգման կարիք ունեն։      



 



Հարց հնչեց նաեւ Կոնսերվատորիայի շենքը գրավի տակ լինելու եւ Օպերային ստուդիայի վիճակի մասին։ Բայց նախարարը, շրջանցելով հարցը, Կոնսերվատորիայի փոխարեն գերադասեց խոսել թատերականի մասին՝ հիշելով Արմեն Մազմանյանին ու նրա կատարած գործերը։ Երբ կրկին հիշեցրին նախարարին Կոնսերվատորիայի շենքի մասին, վերջինս նշեց, որ տեղեկություն չունի՝  Կոնսերվատորիայի շենքը գրավի տա՞կ է, թե՞ ոչ, իսկ ինչ վերաբերում է Օպերային ստուդիային, ապա մոտեցումների վերանայման խնդիր կա։ Ապա, ընդհանրացնելով խոսքը, ասաց, քանի որ ստեղծագործական բուհերում անհատականությունները շատ են, ապա աղմուկն էլ է շատ։



 



Նախարարին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր գրադարաններին, մասնավորապես այն, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2012թ. 35 գրադարան է փակվել։ Բայց այդ թվերը կատարյալ զարմանք առաջացրին նախարարի մոտ, ով նշեց, որ այդպիսի տեղեկատվություն ինքը չունի, ավելին՝ ոչ մի ահազանգ չեն ստացել, թե գրադարան է փակվում։ Նախարարը ցրեց նաեւ մարդկանց պատկերացումները գրադարանի մասին, նշելով, թե հաճախ մի պահարանում դրված 15 գիրքը կոչում են գրադարան, ապա շտապեց հանդիմանել լրագրողներին, որ լուսաբանում են փակվող գրադարանների մասին, բայց շրջանցում են նորաբաց երաժշտական դպրոցների փաստը։ Նա խոսեց ժամանակին լրատվամիջոցների (այդ մասին գրել է նաեւ «Հրապարակը») կողմից բարձրաձայնված այն խնդրի մասին, որ Գառնու տաճարի տարածքում կրպակ է գործում, որտեղ նաեւ բնամթերքներ են վաճառվում։ Այստեղ էլ նախարարը նշեց, որ դա ոչ միայն նորմալ է, այլեւ ընդունված, օրինակ բերելով դրսի փորձը, ու թե անգամ հուշարձանների կողքին սրճարան, հյուրանոցային համալիրներ են կառուցում։ Ինչ խոսք, կառուցում են, բայց ոչ հուշարձանի տարածքում, ինչպես Գառնու տաճարի դեպքում է։ Բայց հուշարձանի տարածքից դուրս տարբերակը նախարարը չի ընդունում, որովհետեւ, ըստ նրա, դա կմտնի արդեն համայնքային տարածքի մեջ, իսկ դա նշանակում է, որ ստացված եկամուտն էլ նախարարություն չի գնա։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]