Բարսեղ Թումանյան. Մեզ ստիպում են դանդաղ վայրենանալ

Բարսեղ Թումանյան. Մեզ ստիպում են դանդաղ վայրենանալ

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը կրում է գերագույն քաղաքակիրթ գենը, սակայն այժմ ստիպում են, որ վայրենանա: Tert.am-ի հետ զրույցում անվանի երաժիշտն անդրադարձել է երեկ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի տապալմանը. ի նշան բողոքի՝ դերակատարները բեմ չէին բարձրացել և միացել էին Օպերայի դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ եմ» նախաձեռնության անդամներին:



 



«Այս խնդիրը շատ ավելի լուրջ է: Մեր հանրապետությունը շատ-շատ խնդիրներ ունի, որոնցից մեկը և օպերան է: Այն առանձին վերաբերմունք և առանձին լուծում է պահանջում: Իհարկե՛, շատ վատ է վիճակը: Մարդիկ այդպես չեն կարող աշխատել, այդ ամենին գումարվում է մի փոքրիկ՝ նույնիսկ չնչին խնդիր, և մարդիկ արդեն ըմբոստանում են: Եթե, իհարկե, նրանց վիճակը նորմալ լիներ, նրանք չէին ընդվզի, կմտածեին ապագայի մասին»,- ասել է երգիչը:



 



Պատասխանելով հարցին՝ 70 հազար դրամ աշխատավարձ ստացող երգչից պահումներ են անում: Ճի՞շտ է դա, բարսեղ Թումանյանը նկատել է.



 



«Միայն երգիչների մասին չէ խոսքը: Երգիչ լինի, թե բալետի պարող՝ նրանք այնքան էներգիա են ծախսում, որ այդ գումարների մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Աշխարհում չկան նման թվեր, գոյություն չունեն: Այս հարցերին պետք է գիտականորեն վերաբերվենք, ոչ թե էմոցիոնալ: Էմոցիոնալ տեսակետից չենք ասում, թե օպերային երգիչը պետք է շատ գումարներ ստանա: Բոլորովին ոչ: Պարզապես նրա մարզական վիճակը պահելու համար ավելի շատ միջոցներ են պետք, առավել ևս, որ այս վերջին ժամանակներում սկսեցին ստիպել ավելի շատ ներկայացումներ տալ և այլն: Բնականաբար, այդ մարդիկ չեն կարող իրենց կյանքն ապահովել այդ գումարով, և 5000 դրամն արդեն երևացող գումար է նրանց համար: Եթե 200-300 հազար դրամից 5000 դրամ պահվեր, դա երևի թե խնդիր չէր լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ իրոք աշխատավարձերը չեն համապատասխանում կյանքի մակարդակի և ընդհանրապես պահանջների հետ: Բոլորովին չեն համապատասխանում: Այսօր սննդի գները և մնացած ծախսերն են բավական բարձր: 70 հազար դրամն ընդամենը 2 օրում ծախսելու գումար է»:



 



Երգչի կարծիքով՝ դերասանների և երգիչների քայլն ընդհանրապես համարձակության հարց չէ: Հայ ժողովուրդն, առհասարակ, շատ համբերատար է: Ուրեմն դանակն իրոք ոսկորին է հասել:



 



«Կրկնում եմ, դա համարձակության խնդիր չէ: Երևի ստիպված են եղել: Ոչ ոք իրենց չի հրահրել: Համոզված եմ, որ նրանք այսքան ժամանակ շատ դժվարություններ են հանդուրժել, լուռ իրենց աշխատանքն են կատարել: Դա ավելի շատ ոչ թե համարձակություն է, այլ՝ կարիք: Ես բոլորովին չեմ ցանկանա, որ իմ ժողովուրդը վայրենանա: Միշտ մենք քարոզել ենք ավելի քաղաքակիրթ ձևով ամեն ինչ անել, հայ ժողովուրդը կրում է գերագույն քաղաքակիրթ գենը, ու հանկարծ տեսնենք, որ ինքը վայրենանում է: Դա շատ սարսափելի բան է: Մեզ ստիպում են դանդաղ վայրենանալ, ես այդտեղ ոչ մի լավ բան չեմ տեսնում»,- ցավ է հայտնել Բարսեղ Թումանյանը:



 



Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: