Պարույր Սևակի նվիրած անկազմ գիրքն ու մի թանկ հուշ նրա մասին

Պարույր Սևակի նվիրած անկազմ գիրքն ու մի թանկ հուշ նրա մասին

Հուշեր կան, որոնք այնքան հարազատ են, ինչքան քո կյանքը: Ու չպետք է այդ հուշերը կյանքիդ հետ առնես ու գնաս:  Այն պետք է հանձնել նրանց, որոնց համար թանկ են մարդկային արժեքները: Ես այս մասին մի անգամ էլ եմ հիշել ու ընթերցողս շատ ջերմ էր ընդունել: Իսկ այսօր կրկին վերհիշեցի, որովհետև ձեռքս ընկավ Պարույր Սևակի մակագրությունը՝ ուղղված հորս ու նաև դպրոցական ձեռագրով գրված տպավորությունս՝ Պարույր Սևակ մարդու մասին: Սևակի կողմից ու մակագրությամբ հորս նվիրած այդ անկազմ գիրքը՝ հայրական տանս ամենաթանկ նվերը, քույրս սրբությամբ պահել էր:



 



Սևակը իմ հայրական տուն էր եկել: Փոքրիկ դպրոցահասակ աղջնակ էի: Երբ բանաստեղծը մտավ հորս սենյակն ու տեսավ նրա մահճակալի գլխից կախված հին, գունավոր թելերով կարված ու գույները խունացած տրեխներ, շանթահարվեց.



-Սրանք ի՞նչ են,-  զարմանքից այլայլվել էր դեմքը:



- Հորս տրեխներն են,- մի տեսակ քաշվելով ասաց հայրս:



- Իսկ ինչու՞ քո գլխավերևում,- համարյա շշնջալով հարցրեց բանաստեղծը:



- Որպեսզի անընդհատ հիշեմ իմ անցած կյանքը ու չփոխվեմ…



Այդ ժամանակ հայրս պաշտոնյա էր, բայց բոլորն ասում էին, իրեն պահում էր գյուղից նոր եկած պատանու պես՝ պարզ, անկեղծ, անմիջական, մարդասեր… Մենք չորս երեխաներով կանգնել ու լսում էինք այդ զրույցը: Պոչը կտրած գդալի պես, հիշում եմ, մեջ ընկա ու խոսքիս կարևորություն տալով ասացի.



-Ամեն օր մենք երեխաներով մտնում ենք այս սենյակը ու համբուրում  պապիի տրեխները:



- Ինչու՞,- Սևակի աչքերում արցունքներ կային:



- Որովհետև նա պապայիս պապան է,- ասաց փոքրիկ քույրս:



Այդ ամենն արտահայտել էի մի փոքրիկ բանաստեղծության մեջ, որը երեկ թղթերիս մեջ գտա ու զարմացա, որ այն գրել է դպրոցահասակ մի աղջնակ ու կարողացել է մի քանի քառատողով լիարժեք պատմել այդ օրվա մասին.



 



Դու մեր տանը լաց ես եղել, Պարույր Սևակ,



Լաց ես եղել՝ հորս գրկած, քեզ մոռացած,



Մինչև հիմա հորս ուսին՝ թու՜յլ կռացած.



Մնում են քո արցունքները մարգարտացած:



 



Դու մեր տանը հաց ես կտրել, Պարույր Սևակ



Ու ասել ես՝ թող չկպնի հացին դանակ,



Աստվածային այս օջախում սու՜րբ, սրբացած



Թող չմորթվի գերդաստանի հացը նշխար:



 



Համբուրել ես հորս ձեռքը, Պարույր Սևակ,



Երբ տեսել ես մեր տան պատին ամուր մեխված



Պապիս գյուղի տրեխները՝ հի՜ն, պատռոտված,



Շոյել ես դու տրեխները սու՜րբ- սրբացա՜ծ:



 



Անկազմ գիրքը նվիրել ես հորս, ասել՝



Տալիս եմ քեզ իմ սիրտը բաց, իմ սիրտը թաց,



Թող այն լինի քո սեղանին սրբասուրբ հաց,



Ինձ տվիր դու արևային անձրևալաց:



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ