Չստացված նամակներ. կենաց համբույր

Չստացված նամակներ. կենաց համբույր

նամակներ զոհվածներին 1914-1918



Միշտ չէ, որ մահն ամենատխուր բանն է:
...մի նամակից



Ակտուալ արվեստի կողմից հրատարակված այս գիրք-նամականին (Երեւան-2014, ակտուալ արվեստ, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի) վկայություն է մի ուղերձի, որտեղ կողմերը բացակա են: Առաջին աշխարհամարտի տարիներին թվով քսանվեց նամակների հասցեատերերը զոհված մարտիկներն են. նրանք, որ սպասել են պատասխան պատմությանը, ուստի՝ պատմության ավարտին:
Վեդաներից մեկում գրված է.
«Մահը պատմության սկիզբն է»:
Ինքն իրեն չգիտակցող մահը մեկնարկում է սկիզբը, փոխադրում պատմության եղելությունը, սահմանում բռնության ու գոյազրկության տարափի տակ կյանքի անձնական իսկությունը: Հարազատների կողմից ռազմադաշտ ուղարկված այս նամակները վերադարձել են (Deceased Decease - մեռած, մահացած) կնիքով: Այսինքն` Չբացված են, Չընթերցված, Ան-շարունակելի են, Ան-մասնակից: Նամակ գրողի մահվան չիմացությունը, մտքերը, պատմությունները, որոնք շարադրվում են թղթերի վրա, ասես աշխարհամարտի ինքնածին պիտառությունն է, որ այլեւս չունի նամակընկալ, չունի ապագա, ի սկզբանե սերունդներին ներկայանալու հույժ անհրաժեշտություն: Պոռնիկ Տոտոտը նամակ է գրում Նոնո անունով մի զինվորի, ով, հավանաբար, իր սիրեցյալներից է եղել.




«…Երեկ ինձ մի եսիմինչ տիպ էր ռաստ եկել: Ինձ Փարիզյան սրճարան տարավ… բա, իմ անուշիկ Նոնո… իսկ հետո էլ՝ մի զիլ հյուրանոց: Պահ-պահ… էլ ասելու չի՛: Հենց գործը վերջացրեց, սկսեց բամբասել, բամբասել - նենց տպավորություն էր, որ ուզում էր լեզուն բացել - ինչ ասես դուրս տվեց, որ ֆրանսիացիք սենց են, նենց են, որ հաստատ պարտվելու ենք, որ մեր դատողությունները ոչ մի արժեք չունեն, որ սպանվելուց բացի ուրիշ բան անել չգիտենք - հա-հա, հենց տենց էլ ասեց, ու էդտեղ արդեն էլ չդիմացա, կատաղությունից ոտքերով ու բռունցքներով մի լավ դնգստեցի դրան: Մենակ տեսնեի՛ր: Չէր համարձակվում պաշտպանվել, հասկանում ես, չնայած հսկա էր: Համ էլ ո՛նց էր ճվճվում: Դե, դու գիտես ոնց եմ ես ձենս քցում, երբ բզիկս բռնում ա: Վերջը գիտե՞ս ինչ արեցի: Լրիվ տկլոր էի - դե գիտես, տենց տպերի հետ պետք չի դրա վրա ուշադրություն դարձնել - բայց տրուսիկս բարձի տակ էր: Ուրեմն ես դրանով էդ անգլիացու մեծ բերանը փակեցի, ու մինչեւ կհաներ, մի լավ կծեցի: Ու գիտես ինչ: Չգիտեր ոնց ինձնից ներողություն խնդրեր: Ամեն տեղս պաչում էր… Անընդհատ կրկնում էր` կրակոտ, կրակոտ փոքրիկ ֆրանսուհի: Էհ, ո՛նց կծիծաղեիր, եթե մեզ տեսնեիր: Գիտես, էդ ամեն ինչի արդյունքում մի լավ փող աշխատեցի: Դրա համար էլ էսօր քեֆ ենք անում: Ափսոս, որ դու էդքան հեռու ես: Դե լավ, իմ Նոնո, ցտեսություն: Պաչում եմ քեզ, անուշիկս, ու շատ-շատ սիրում եմ»:




Տոտոտի զվարթ, անպահանջ ինքնապատմությունը կործանվող աշխարհի մասնակցին, որի գիտակցությունն ու մարմինը զրկվել են արձագանքելու կարելիությունից: Եվ գուցե մահն է վկայության ամենաապահով տարածությունը: Եթե Տոտոտի եւ մյուսների համար նամակ գրելու միակ համոզմունքը, թվում է, արձագանքն է ապագա խոսքի, ապա նամակի պատմությունը կողմերից վերջինն է, որ ուղիղ ճանապարհով լցվում է մահվան մեջ` հպատակելով աղետը:




Թվով քսանվեց նամակների ընթերցումն անուղղակի դիտավորությամբ մոռացության է մատնում կողմերին: Քայքայվող, բաժանվող, անհետացող կողմերի միջեւ, բացակա անդամների անգոյության հաշվին, միայն բնագիրն է, որ պահպանում է իր ձայնը: Եվ բնագիրն ընթերցվում է որպես գրականություն: Եվ ընդհատվում է որպես գրականություն, երբ հիշողությունը խառնվում է ընթերցանության ինքնամոռաց ընթացքին` ցուցանելով նամակընկալների նախագրական գոյության արձանագրությունը:
Առաջին աշխարհամարտից հարյուր տարի անց այս չստացված նամակների միակ եւ գուցե վերջին հասցեատերն ընթերցողն է:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]