Տարփանք կամ ավելի պարզ՝ ցանկություն

Տարփանք կամ ավելի պարզ՝ ցանկություն

Մենք ատենով մարդը կատվի պես տանիքե տանիք փախուցած ունինք, ո՞ւր կը մնա թուղթին կտորը:



                                                                     Հարություն Սըվաճյան



 



«Դոն Կիխոտի» վեցերորդ գլխում քահանան եւ վարսավիրը զտում են թափառական ասպետի գրադարանը: Ընտրելով՝ մեկը մյուսի ետեւից խարույկն են նետում տարիների ընթացքում հավաքած այն գրքերը, որոնք, ըստ քահանայի եւ վարսավիրի, նրան հասցրել են խելագարության: Ընթացքում վարսավիրն ու քահանան դառնում են իսկական գրաքննողներ, սկսում են խորհել այս կամ այն գրքի բովանդակության ու արժեքի մասին, վճռում ճակատագիրը: Անխնա գրաքննության արդյունքում կրակն են նետվում ասպետական վեպեր, բանաստեղծական ժողովածուներ: Մի քանի դրվագներում քահանան եւ վարսավիրը ձգվում են մինչեւ «գրականագիտության» ձեղունը:



«Իսկ ինչպե՞ս վարվենք մնացած այս մանր գրքերի հետ:




- Դրանք երեւի ասպետական վեպեր չեն,- ասաց քահանան,- այլ՝ բանաստեղծությունների ժողովածուներ…



- Սրանք մյուսների պես արժանի չեն խարույկի վրա այրվելու, քանզի չեն հասցրել եւ չեն հասցնի այնպիսի վնաս, ինչպիսին հասցրել են ասպետական վեպերը: Խելքը գլխին գրքեր են եւ իրենց մեջ ոչ մի վտանգ չեն պարունակում:




…- Իսկ այս հաստափորը,- շարունակեց վարսավիրը,- վերնագրված է՝ Զանազան քերթվածների գանձարան:




- Եթե քերթվածներն այդքան շատ չլինեին,- պատասխանեց քահանան,- ավելի մեծ արժեք կունենային: Այդ գիրքը պետք է քաղհանել եւ մաքրել որոշ տափակություններից, որ հայտնվել են հանճարեղ գրվածքների կողքին: Պահպանենք այն, քանզի հեղինակն իմ բարեկամն է, բացի այդ, նա ունի ուրիշ գրքեր եւս՝ ավելի վեհ եւ հերոսական»:




Սերվանտեսի վեպը թեպետ քահանայի ու վարսավիրի ժառանգների մասին տեղեկություններ չի տալիս, այնուհանդերձ, նրանք վերադառնում են յուրաքանչյուր ինքնահռչակ գրաքննողի հետ: Մահավճիռ կայացնելով, բացահայտ խելագարները փորձ են անում աշխարհը փրկել «խելագարությունից», քննչության խարույկը բորբոքելով անհարմար գրականությամբ: Որոշ գրքերի կյանքը փրկում են պատահականությունն ու հիմարությունը:




Երբ քննադատության հյութերը սպառվում են, քահանաների ու վարսավիրների դերը քառապատկվում է: Փայտե մուրճիկները ձեռքներին՝ նրանք հայտնվում են Երեւանի հանրային գրադարաններում, գրախանութներում, համացանցային խոսակցությունների ու բանավեճերի կենտրոնում, որպես բնագրերի մեծ գիտակներ, որպես արժեւորման եւ արժեզրկման ցուցասլաքներ («արժեք» բառը քահանաներն ու վարսավիրները կարծես շատ են սիրում):



 



Լույս տեսնող գրքերի կամ ընդհանրապես գրքերի համար տարփանք կամ, ավելի պարզ՝ ցանկություն, որ հնարավորինս շրջանցեն սերվանտեսյան քահանաներին ու վարսավիրներին, հին ու նոր պատերի տակ գրքերի վախճանը մլավող կատուներին ու պասկվիլներ կերտողներին: Բայց այս տարփալի ցանկությունն ասես երազանք է «ոսկե ժամանակների», որ տենչանք էր Դոն Կիխոտի ու Սանչո Պանսայի համար:



 



Բայց «ոսկե ժամանակները» միշտ էլ պատմությանն են պատկանել, գործել պատմության մեջ, թեպետ երազել դրանց մասին արգելված չէ՝ դեռեւս:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]