Մեղվի սրտխփոցը

Մեղվի սրտխփոցը

Դեպի ճշմարտություն տանող ճանապարհ գոյություն չունի, եւ դա է նրա հմայքը: 



Ջիդու Կրիշնամուրտի



 Արվեստագետներ, որ փորձառություն են վերապրում... Նրանք լուռ են, ինքնամփոփ, անմասնակից, նրանց հայացքներից մարմնի ու հոգու գոյության մասին պատկերացում կազմելը անհուսություն է թվում: Ծաղկաձորում արվեստի եռօրյա ակադեմիային մասնակցող երիտասարդ նկարիչները, գրողները, երաժիշտները, թարգմանիչները այնքան նման ու այնքան տարբեր են մի փոքր (ավելի շատ՝ փորձառություն) վերապրած բանախոսներից, ասես նրանց ձայնը բացարձակ տարբեր, ավելի ճիշտ՝ ուրիշ աշխարհի սահմանագծից է լսվում: 



Նրանք ավելի բաց են, բայց պատմական ժպիտներով չեն ժպտում մեզ` դասախոսություններ պատրաստողներիս նման: Պատմության փոխանցած ժպիտն օտար է նրանց, դեռեւս սովորույթի չվերափոխված:




Նրանք ազատ են, որովհետեւ ազատության մասին խոսակցությունը նշանային կրկնություն է, որ ժամանակի հետ կորցրել է բաղադրություն, հաճույք փոխանցելու պատրանքը:
Նրանք լուռ լսում են դասախոսների քննադատությունը, եւ նորից նրանց հայացքների արտանկարներից անհնար է որոշել, թե ուր է գնում, ինչ տարածության մեջ է լցվում այդ հասցեագրությունը… նաեւ քննադատության անհասկանալի, նաեւ ըմբռնելի, նաեւ անհեռանկար գաղափարները:
Անկախության մեջ ծնված երիտասարդ գրողները… գրում են մահվան մասին, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան շատ մահ կա նրանց մեջ, եւ արդյոք այդ մահն այն պատմական մա՞հն է, որից երես թեքելով՝ սովորում ենք ապրել:
Նրանց քննադատում են մահվան փառաբանության, կազմաքանդման, քայքայման համար… բայց նրանք ավելի մոտ են նոր աշխարհին, ավելի հստակ են լսում նրա ձայնը, քան համակարգողներս, սահմանողներս, կառուցողներս… Նրանք ավելի հեռվում են, քան մենք կարող ենք պատկերացնել այդ հեռավորության տեղը:
Նրանք լուռ կատարում են բանախոսների հանձնարարությունները: Բայց արվածի արդյունքը հենց բանախոսների համար է, իսկ դրանից այն կողմ կա մի բան, որին բանախոսները երբեք չեն կարող հասնել, քանզի անուղղակի դիտավորությամբ քողարկվել է իսկականը, պատկանելիքը:
Եվ ահա, նորից ինչ-որ բան «ստեղծելու» մասին, ինչ-որ բանի «արժեքի» մասին, որ նաեւ հնարավոր բռնություն է. մի բան, որ հմայում է իր վտանգավորությամբ:
Իսկ մենք, որ բանախոսում էինք, որ փորձառության կողմից էինք եւ ճշմարտության մեր վարկածի անունից ուզում էինք հմտություն կամ սովորույթ փոխանցել, լսում էինք մեղվի սրտխփոցը:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]