Վոլոչկովայի երկրպագուն «Ռանչպարների կանչն է» կարդում

Վոլոչկովայի երկրպագուն «Ռանչպարների կանչն է» կարդում

Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի 7-ը, այն տոներից է, որի մասին մեր ժողովրդի մեծամասնությունը չգիտի եւ ամեն անգամ իմանում է հենց այդ օրը՝ մամուլից եւ պաշտոնական այցերի հաղորդագրություններից: Երեկ այդպիսի մի այց կատարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա իր մի քանի միջին չինովնիկներով գնաց քաղաքապետարանի ենթակայության ամենալավ՝ Իսահակյանի անվան գրադարան, որը երկրորդն է համարվում հանրայինից հետո:



Տարոնը որտեղ գնում է, այնտեղ ասֆալտ է փռվում 



Նա քայլեց քաղաքապետին վայել ասֆալտի վրայով: Մի քանի ամիս Իսահակյանի անվան գրադարանի առաջ, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ ընթացող ասֆալտի նորոգումը բանվորները հասցրել էին երեկ ավարտել: Քաղաքապետին տեսնելու էին եկել նաեւ գրադարանավարներ ծայրամասերից, իրենց «համեստ, բայց շնորհակալ» աշխատանքի մասին ելույթներ ունկնդրելու եւ պարգեւատրումներ ստանալու: Լավագույն պարգեւատրումը՝ քաղաքապետի Ոսկե մեդալը, ստացավ Իսահակյանի անվան գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը: Մի քանի հոգի էլ ծաղկեփնջեր ստացան Տարոնից, որից հետո տնօրեն Հասմիկ Կարապետյանը բարոյախրատական միտք ասաց. « Ձեզանից է կախված, թե ինչ պարգեւներ դուք կստանաք»: Գրադարանավարները, որոնք ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, երեկ հագել էին իրենց ամենալավ շորերը եւ ժպտում էին մի 200 հազարի: Հավանաբար, նրանց հրահանգված էր անընդհատ ժպտալ ի պատիվ քաղաքապետի, ինչը Հասմիկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ուզեցանք, որ դուք տեսնեք այն ժպտադեմ աշխատակիցներին, որոնք այսօր աշխատում են հանրության հետ»: Քաղաքապետը պտտվեց գրադարանով: Տնօրենը ցույց տվեց նրան գրադարանի նորաշունչ եւ նորաոճ անկյունները, իր պարծանքի առարկա «վայ ֆայ» սրճարանը, որը դատարկ էր, այնքան, որ քաղաքապետն իրեն ուղեկցող միջին չինովնիկական խմբին մեղմ հրահանգեց. «Ծաղիկներ, ծառեր, ինչ անհրաժեշտ է, դրեք»: Կոլեկտիվին նա խոստացավ, որ 15 թվականին ամբողջությամբ կավարտվեն գրադարանների հիմանորոգումն ու ջեռուցումը, իսկ հունվարի 1-ից 15 տոկոսով կբարձրացվի գրադարանավարների աշխատավարձը: Եվ 50 հազարի փոխարեն 57 հազար 500 դրամ ստանալու հեռանկարը նրանք ընդունեցին ոգեւորությամբ: Ծափերն այս մասում ավելի բարձր էին ու ջերմ:



Քաղաքապետը խոստացավ գրադարանավարներին և լրագրողներին․․․

Վոլոչկովայի կրծքերով զմայլվող քաղաքապետի վերջին կարդացած գիրքը, փաստորեն, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչն» է եղել՝ ֆիդայական պատմություններից բաղկացած վիպասքը: Այս մասին նա ասաց, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, եւ այս պատասխանը լավ քայլ էր «փիառ»-ի տեսանկյունից, քանի որ շահեկան ընդգծեց մեր քաղաքապետի ազգային հայրենասիրական հակումները: «Հիմա բյուջեի գործընթաց է գնում քաղաքապետարանի համապատասխան ֆինանսավորման ոլորտում: Արդեն մոտ օրերս կներկայացնեն առաջարկները, եւ մենք բյուջեն կազմելուց հետո կներկայացնենք դրանք ավագանու դատին»,- մանրամասնեց քաղաքապետը «Հրապարակին», առանց գրադարանավարների նոր աշխատավարձի չափը նշելու: Օգտվելով առիթից՝ երկու հարց էլ մենք տվեցինք:



- Մտադի՞ր եք արդյոք առաջադրվել քաղաքապետի հաջորդ ընտրություններին:



- Երեք տարի հետո, ինձ թվում է, մինչեւ 17 թվականը դեռ երկար ծրագրեր ունենք իրականացնելու: Երբ որ ծրագրերն ավարտին հասցնենք, կմտածենք այդ ժամանակ:



- Ձեր մամուլի ծառայությունն ամեն մի հասարակ հարց պահանջում է գրավոր հարցման ձեւով ներկայացնել եւ խանգարում է մեր աշխատանքին: Սա Ձե՞ր հրահանգով է արվում:



- Ե՞րբ եք դիմել վերջին անգամ: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ես հանձնարարել եմ լրատվության պատասխանատուին, որ մամուլին որքան հնարավոր է՝ տեղում պատասխանել եւ երբ մասնագիտացված կարծիք է պահանջվում, նոր գրավոր հարցում պահանջել:



Վերադառնանք գրադարանի տնօրենին



Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի խոստացած փոքրիկ էքսկուրսը վերածվեց մի կես ժամանոց ելույթի: Նա սկսեց խոսել հանրային գրադարանների զարգացման մասին: Պատմական անդրադարձ կատարեց 1935 թվական, երբ Երեւանում բացվեց առաջին գրադարանը: Ապա հպարտանում էր իր եւ քաղաքապետի ձեռքբերումներով՝ մոտ 400 հազար միավոր գիրք, 2013 թվականից անցում էլեկտրոնային սպասարկման: «Ցանկացած բաժնում, մի ամրակի սեղմելով՝ կարողանում են ստանալ ամբողջ ինֆորմացիան ընթերցողի մասին»,- պատմում էր տնօրենը, ներկայացնում աշխատողների կատարած բարի գործերը՝ լեզուների անվճար ուսուցում երեխաների համար, տարբեր միջոցառումներ, գրական խմբակ, ասմունք, պայքար աղանդավորների դեմ: Երեխաներն իսկական «Ուրախ ամառ» են ունեցել, քանի որ, ինչպես տնօրենն արտահայտվեց, իր համապատասխան աշխատողն «ամռան ընթացքում ոչ մի օր ազատ չի թողել որեւէ երեխայի»: Տնօրենն ավարտեց՝ քաղաքապետի պատվին մի ֆիլմ ցուցադրելով: Այն գրադարանների վերանորոգման աշխատանքների կադրերից, որոնց արանքում քաղաքապետն էր գնում-գալիս: Կադրում Տարոնն էր երեւում: «Այն, ինչ անում է քաղաքապետը, անում է՝ մտածելով ազգաբնակչության կրթության մասին»,- պատմում էր տնօրեն Հասմիկ Կարապետյանը: