Հայաստանում մինչև չասեն՝ դիմումդ գրիր, պաշտոնյան հրաժարական չի տա

Հայաստանում մինչև չասեն՝ դիմումդ գրիր, պաշտոնյան  հրաժարական չի տա

Հայաստանում ինքնակամ պաշտոնից հեռանալը հեքիաթի ժանրից է: Մինչև պաշտոնյայի ճակատին «պիստալետ դեմ չտան», չասեն՝ դիմումդ գրիր, հրաժարական չի տա: Իսկ եթե առանց պիստալետ հրաժարական է տալիս, ուրեմն ինքն էլ գիտի, որ յուղից հանում, տանում են մեղրի մեջ: Հիմա Արմեն Գևորգյանն է: Քիչ էր մնում հավատայի, որ իր պաշտոնում աշխատելուց հոգնել ու մի քիչ հանգստանալ է ուզում: Պաշտոնից Հայաստանում հոգնու՞մ են, ինքնակամ հրաժարվու՞մ են: Այդպիսի բան չկա . պաշտոնի վրա այնքան են նստում, որ պաշտոնն է իրենցից հոգնում ու ոտքեր առնում, որ փախչի: Այդ ֆոնի վրա, երբ մամուլից տեղեկանում եմ, որ Արմեն Գևորգյանը ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, շատ պրիմիտիվ է թվում: Իսկ երբ ասում են, որ Արմենի վրա Սերժ Սարգսյանի հորդորներն էլ չեն ազդել, ուրեմն հաստատ տաշած քարը գետնին չի մնա: Մի ուրիշ տաշած քար կբերեն, կդնեն Արմենի տեղը, Արմենին էլ կտանեն մի ուրիշ պաշտոնի: Ցավալին այն է, որ նոր քար չեն բերում, հներն են անընդհատ տաշում- տաշտշում, դզում- դզմզում: Այդ հին քարերով էլ մի օր համակարգը շենքի պես կփլվի ու բոլորին տակը կթողնի: Թարմացում է պետք, գոնե մի լուսանցք, գոնե մի փեղկ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ