Արթուրի նման մարդկանց սյունեցին անվանում է «սըռի խոտ»

Արթուրի նման մարդկանց սյունեցին անվանում է «սըռի խոտ»


Սաթիկն իր հաղորդման անվանումը «Էվոլյուցիա» է դրել և ինչքան այն հասակ է առնում, հասկանում ես, որ անվանումը հեռանում է իր իսկ բովանդակությունից: Փորձենք հասկանալ՝ ինչ է նշանակում էվոլյուցիա ու դիմենք հանրագիտարանին: Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Կոնկրետ օրինակով բացատրենք: Երեկ «Էվոլյուցիայի» հյուրն էր Արթուր Բաղդասարյանը: Հարմարվողականության, բարեկեցության տեսանկյունից բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել նրա օրգանիզմի էվոլյուցիան՝ փոփոխվող պայմաններին համապատասխան: Միայն թե Արթուրի մոտ էվոլյուցիոն փոփոխությունը կատարվում է չափազանց ռիսկային քայլերով: Ասենք՝ հեղափոխություն է անում ու վերջին պահին իշխանությանը հայտարարում՝ չեմ անում կամ ընդդիմության ճակատ է նետվում ու վերջին պահին ասում՝ ես նախագահի հրաժարականը չեմ պահանջում: Նման դեպքում ասում են, որ ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն: Սա շատ վտանգավոր փոփոխություն է, երբ անձը դուրս է մղվում գենետիկ բնականոն զարգացման կոդից ու որոշ ժամանակ հետո կարող է առաջ ընկնելու ու չհարմարվողականության պատճառով ձկան նման թպրտալ ափին: Սաթիկը փորձում է Արթուրին անընդհատ հիշեցնել՝ բա դու այսպես, այնպես էիր ասում ու վերադարձնել բնականոն էվոլյուցիայի մեջ, բայց Արթուրն ակնհայտ զայրանում էր հաղորդման ընթացքում և մուտացիոն դրսևորումներ ցուցաբերում: Ընդդիմության դաշտից ՕԵԿ-ի նախագահը քնքշանքով կամենում է, որ իր նախագահը մնա. «Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջում, ուղղակի ինչու, որովհետև Սերժ Սարգսյանին մնացել է պաշտանավարելու ընդամենը 3 տարի, Սերժ Սարգսյանին պետք է որպես ՀՀ 3-րդ նախագահ աշխատի և պետք է արժանապատիվ հեռանա, ես չե խոչընդոտելու որ նրա պաշտոնավարմանը»: Սա կարելի է համարել բնականոն էվոլյուցիա, եթե նույն քնքշանքով չուզենար, որ ընդդիմության հետ էլ փոփոխության նույն թելերով համագործակցեր: Համգործակցեր՝ առանց փոփոխության: Սա հենց մուտացիան է: Արթուրի նման մարդկանց սյունեցին անվանում է «սըռի խոտ»: Առանց դարվինյան գիտական բացատրության. որը սակայն իր մեջ ներառում է դարվինյան ողջ գիտական բացատրությունը:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ