Սեղմեք ձեզ մեկնած ձեռքը և փորձեք փրկվել

Սեղմեք ձեզ մեկնած ձեռքը և փորձեք փրկվել

Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանն այդքան կարևորեց ընդդիմության 12 կետանոց փաստաթուղթը և կառավարությանը հանձնարարեց կրկին ուսումնասիրել այն: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, դա բացատրում է երկրի առաջընթացի համար բոլոր ուժերը օգտագործելու անհրաժեշտությամբ: Եթե այլ կերպ ասաենք՝ Սերժ Սարգսյանն առաջարկել է ստեղծել խորհրդարանական ուժերի վեցյակ և առաջ գնալ համախորհուրդ: ՀՀԿ-ի առաջ էլ հստակ պահանջ է դրվել՝ թշնաբար և փշերով չընդունել ընդդիմության կամ եռյակի առաջարկությունները, միշտ պատրաստ լինել դրանք քննարկել գործընկերային մթնոլորտում:



Սերժ Սարգսյանը, միևնույն ժամանակ, նույնպիսի վերաբերմունք է սպասում նաև ընդդիմության կողմից, սակայն արդեն սահմանադրական բարեփոխումների փաթեթի նկատմամբ՝ հույս հայտնելով, որ միասնաբար, քաղաքական ուժերի ավելի լայն սպեկտրով քննարկելու դեպքում, մենք կունենանք շատ ավելի լավ բարեփոխումներ, շատ ավելի լավ Սահմանադրություն:



Այսինքն ի՞նչ՝ բարտե՞ր. իշխանությունը քննարկում է ընդդիմության 12 կետանոց փաստաթուղթը, ընդդիմությունը՝ սահմանադրական բարեփոխումնե՞րը: Իսկ գուցե սա Սերժ Սարգսյանի այն առաջա՞րկն է, որի մասին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում՝ թող իրենք առաջարկեն, մենք կտեսնենք:



Ինչ էլ լինի՝ բարտեր, թե կոմպրոմիս ընդդիմության հետ, ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը հաշտություն կամ ժամանակավոր «զինադադար» է առաջարկում ընդդիմությանը նոյեմբերի 17-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստից առաջ, որպեսզի բացառվեն բոլոր տեսակի անակնկալները, թեև դրանք էն գլխից էլ չէին սպասվում:



Մյուս կողմից էլ դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկով հրաշալի պայմաններ է ստեղծում առնվազն եռյակ ձևաչափի պահպանության և նույնիսկ այն դարձյալ քառյակի վերածելու համար: Իշխանությանն, իհարկե, ավելի ձեռնտու են ընդդիմության 12 կետերի շուրջ անվերջ քննարկումները, քան թե ընդդմության դաշտում աստիճանաբար բացահայտվող ԲՀԿ-ի վրա հույս դնելը: Եվս երկու-երեք օր, և ԲՀԿ-ի փուչիկը պայթելու էր վերջնականապես, բայց նրան օգնության հասավ Սերժ Սարգսյանը և կառավարությանը տված իր հանձնարարականով, կարծես, չեզոքացրեց ԲՀԿ-ի շուրջ այդ մատային վիճակը:



Եռյակի այսօր կայացած աշխատանքային հանդիպումից հետո լրագրողներին որոշ ԲՀԿ-ականներ հեքիաթներ են պատմել այն մասին, որ եռյակում հրաշալի մթնոլորտ է, կան հեշտ հաղթահարելի տարաձայնություններ: Դա զավեշտալի է այնքանով, որ փոքր տարաձայնությունների առկայության դեպքում քաղաքական ուժերը միմյանց հետ հարցերը կարգավորում են նույնքան փոքրիկ հանդիպումներով: Իսկ այս դեպքում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես են եկել հայտարարություններով, ինչը երբեք էլ մարտավարական փոքրիկ տարաձայնության հետևանք չես համարի:



Ինչևէ, Սերժ Սարգսյանի՝ «տղաներ, եկեք ապրենք հաշտ» կոչը հնչել է ժամանակին և մնում է սպասել, թե եռյակի տղաներից որ մեկն ինչպես կարձագանքի այդ կոչին, որն, ըստ էության, ոչ այնքան կոչ է, որքան մեկնած ձեռք, որն այս դեպքում փրկօղակ է ժողովրդին հերթական անգամ հիասթափության եզրին հասցրած եռյակի ուժերի համար: