Ի՞նչն է ապացուցում, որ լավաշը «հայաստանցի» է

Ի՞նչն է ապացուցում, որ լավաշը «հայաստանցի» է

Արդեն մի քանի օր է՝ ողջ Հայաստանը հպարտությամբ խոսում է այն մասին, որ վերջապես լավաշը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Եվ արդեն եկել էր ժամանակը սոցցանցերում ադրբեջանցիների «պորտը տեղը դնելու», որ մի շարք կայքեր տարածեցին, թե ադրբեջանական ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոխել է միտքը: Իհարկե, բոլորն անհանգստացան, սակայն մի փոքր ուշ պարզվեց, որ ադրբեջանական կայքերը, ինչպես միշտ, ապատեղեկատվություն են տարածել:



Լուրն առաջինը շտապեց հերքել Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը. «Մեր հայտն անցել է միաձայն: 5 չափորոշիչներից 5-ն էլ համապատասխանել են, եւ կազմկոմիտեի 6 երկրներից 6-ն էլ դրական կարծիք են հայտնել դրա վերաբերյալ»: Սակայն հաղորդավարուհի, հմուտ խոհարար Սոնյա Թաշչյանն ահազանգում է, որ մեր ազգային խոհանոցի նկատմամբ անտարբեր ենք. «Առաջին հերթին ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ոտնձգությունը: Դեռ թարմ է հարիսայի դեպքը, հարիսան կարողացան դարձնել թուրքական բաղադրատոմս, եւ ես չեմ զարմանա, որ հաջորդ տարի նրանք լավաշն էլ կարողանան, կոլոլակն էլ, մեր բոլոր հայկական ճաշերը: Այ, սա էի ուզում ահազանգել, որ մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին, այս պարագային՝ խոհանոցին»:



«Լավաշ թխում են Ադրբեջանում, Թուրքիայում եւ Հայաստանում: Այնպես որ, չի կարելի ասել, որ լավաշը պատկանում է մեկ ազգի: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշման, լավաշը չի հանդիսանում հայերի «էքսկլյուզիվ հացը»»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաեւը:



Հարցին, թե ինչն է ապացուցում, որ լավաշը «հայաստանցի» է, ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը պատասխանում է. «Մասսայականությունը. Շիրակում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում 20-30 տարի առաջ բոլորի տանը կային թոնիրներ: Այսինքն՝ թոնիրը կենցաղում օգտագործվելիք ամենակարեւոր բաներից մեկն էր: Առանց թոնրի տուն չկար: Բացի այդ, թոնիրը նստակյաց ստեղծագործող ազգերին էր բնորոշ: Քոչվոր ազգերն ինչպե՞ս կարող էին իրենց հետ թոնիր տանել»:



Սուրեն Հոբոսյանը միեւնույն ժամանակ ահազանգում է, որ լավաշ թխելու գեղեցիկ սովորույթը գյուղերում վերանում է. «Այստեղ միայն լավաշի հարցը չէ, շատ ու շատ բաներ մենք ուզում ենք ներկայացնել օտարներին, բայց առաջին հերթին մեզ պետք է ներկայացնենք: Այսօր Հայաստանում քանի՞ մարդ գիտի, թե լավաշն ինչպես են պատրաստում: Լավաշի տնական արտադրությունը գնալով նվազում է, եւ այսօր շատ գյուղերում, ճիշտ է, թոնիրներ կան, բայց հաց չեն թխում, քանի որ վառելիքի հարց կա եւ այլն: Մենք նույնիսկ սա ենք կորցնում»: 



Մի քանի հետաքրքիր փաստեր լավաշի մասին. «Լավաշ թխելու համար ամենաքիչը պետք է լինի 3 կին: Տղամարդն ընդհանրապես լավաշ թխելու հետ առնչվում է միայն այնքանով, որքանով որ պահանջվում է վառելիք: Նույնիսկ տղա երեխաներին թույլ չէին տալիս թոնրատանը լինել, քանի որ տղամարդու ներկայությունը կարող էր ազդել հացի «բարաքյաթի» վրա: Երբ հայ ընտանիքներում լավաշ էին թխում, հարեւաններին եւ անցորդներին անպայման բաժանում էին»,- պատմում է Հոբոսյանը: