Պարզ, ժողովրդական ելույթ

Պարզ, ժողովրդական ելույթ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի «պատմական», խիստ բացառիկ ելույթը քննարկումների տեղիք է տվել: Նա նշեց, որ Արամ Մանուկյանը հայհոյել է Սերժ Սարգսյանին, դրա համար էլ երկու ամիս անց պատասխան ստացավ իր արարքի համար: Հետաքրքիր է՝ սա ՀՀԿ պաշտոնական տեսակե՞տն է, որն արտահայտվեց գեներալի «անմեղ ու անկեղծ» լեզվով, թե՞ Սարոյանի անձնական կարծիքը:



Այս հարցն ուղղեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Վերջինս, սակայն, մեղադրեց լրագրողներին: «Դե դուք ոնց ցանկանաք, էնպես էլ կմեկնաբանեք, Սեյրան Սարոյանն ասում էր, որ անթույլատրելի են ե՛ւ նման դեպքերը, ե՛ւ այս դեպքերը: Նա ասում էր, որ եթե ժամանակին նման արտահայտությունների համար մարդկանց պատժեին, հետագայում նման երեւույթները, այդ բացթողումները չէին լինի»,-ասաց նա՝ ավելացնելով. «Ինչո՞ւ եք ինձ ասում, որ ես պետք է մեկնաբանեմ բոլոր ելույթները: Մարդը պարզ ելույթ ունեցավ ու շատ ժողովրդական լեզվով ասաց, որ անթույլատրելի է ե՛ւ հայհոյելը, ե՛ւ ծեծելը... հիմա դուք ինչպես ուզենաք, կմեկնաբանեք»: Հետո, այնուամենայնիվ, նշեց. «Ես էլ ասացի, որ ես էլ եմ դատապարտում, ուրեմն պիտի ասեք, որ եթե նման երեւույթները, հայհոյանքը դատապարտում եք, ուրեմն դո՞ւք եք կազմակերպել»:



Մեր հարցին, թե Սարոյանի ելույթից կարելի՞ էր հասկանալ, որ Արամ Մանուկյանին հենց այդ հայհոյանքի համար են ծեծել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ ոչ, նման բան չկա, նման բան չի նշանակում: «Նա նկատի ուներ, որ եթե այն ժամանակ պատժվեին, արդեն մարդիկ կհասկանային, որ իրենց արարքի համար պատասխան են տալու, իսկ հիմա ով որ կատարել է, նա իր պատասխանատվությունը կկրի»,-ասաց Վ. Բաղդասարյանը: