Բոյկոտ, բոյկոտ մինչև երթ

Բոյկոտ, բոյկոտ մինչև երթ

ԲՀԿ-ն արեց իր համաժողովը: Միայնակ, առանց ՀԱԿ-ի: ՀԱԿ-ը մարտի 1-ին կանի իր հանրահավաքն ու երթը, պարզ է, առանց ԲՀԿ-ի: Հետևությունը սա է՝ Եռյակի ուժերը ազատ են իրենց գործողություններում՝ դու չես գալիս իմ համաժողովին, իսկ ես չեմ գալիս քո երթին: Ոչ մեկս չենք նեղանում: Մյուս կողմից էլ՝ և գայլերն են կուշտ, և ոչխարներն են տեղում:



Որպեսզի չստացվի, որ եռյակի ուժերը լրիվ ազատ են իրենց գործողություններում, հրապարակ են բերել Խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու հնարքը: Այդ հնարքը փորձում են երեքով կիրառել որպես գործիք՝ ծեծված ակտիվիստի գործը մինչև վերջ բացահայտելու համար: Թե բոյկոտը ինչպես է նպաստելու գործի քննությանը՝ դա էլ իրենք գիտեն: Հետաքրքիր է, սակայն, որ այս պահին երեքին միավորող այլ բան չկա, քան չարչրկված բոյկոտը, ինչն իրականում այն հուսահատ քայլն է, որին դիմում են որևէ հարցի վրա ազդել չկարողանալու դեպքում:



Իսկ եռյակը փորձե՞լ է հասկանալ, թե որտե՞ղ և ե՞րբ կհասցնի Սերժ Սարգսյանը գլխավոր հարվածը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին իր խոստացած հայտարարությունը: Գուցե հենց այն պահի՞ն, երբ եռյակը բոյկոտի մեջ կլինի, իսկ գուցե մարտի 1-ից հետո՞, երբ տակավին թեժ կլինեն ՀԱԿ-ի երթին ԲՀԿ-ի չմասնակցելու խոսակցությունները:



Չարժե՞, արդյոք, ՍերԺ Սարգսյանին զրկել մանևրելու հնարավորությունից: Կարծեմ եռյակի առաջնորդները հանդիպելու են չէ՞: Ահա և լավ առիթ մի բան մտածելու: Վատ չի լինի, որ ԲՀԿ-ն այսօր իսկ հայտարարի, որ մասնակցելու է ՀԱԿ-ի երթին: Թեկուզ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների մակարդակով:



Մի խոսքով՝ ձմեռ-գարուն անցման փուլում լուրջ իրադարձություններ են սպասվում: Չի կարելի բացառել նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց ամբոջ հարցն այն է, որ դա ավելի կխառնի եռյակի գործերը: Դե արի ու Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ լիդեր գտիր երեքի մեջ: Լավ կլիներ իմանալ՝ արդյոք, Գագիկ Ծառուկյանի ցուցակում Լևոնը կա՞: