ՀՀԿ-ն չի փոշմանել և իր ասածները չի սրբագրում․ Շարմազանով

ՀՀԿ-ն չի փոշմանել և իր ասածները չի սրբագրում․ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում ամփոփել են այս քառօրյայի աշխատանքները, քննարկել են նաև մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին պատրաստության հարցը, ինչպես նաև Ցեղասպանության միջոցառումների հետ կապված և ներքաղաքական ու ներկուսակցական այլ հարցեր։
Անդրադառնալով Ծառուկյան-Սարգսյան հանդիպմանն ու հակամարտությանը, Շարմազանովն ասաց, որ մարտի 5 կլինի ԲՀԿ-ի համագումարը, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի և մեր հարցերի պատասխանը կարող ենք ստանալ հենց նրանցից, բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու այլևս ասելու բան չկա։



Ինչ վերաբերում է հնչեցված վիրավորանքներին Ծառուկյանի հասցեին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ անձամբ ինքը չի վիրավորել, ու ինչ էլ ասվել է, եղել են սոսկ քաղաքական գնահատականներ։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե տպավորություն է՝ կարծես ՀՀԿ-ն փոշմանել է ու սկսել է սրբագրել իր ասածները Ծառուկյանի մասով, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Դուք սխալ տպավորության տակ եք, էդ որտե՞ղ եք տեսել գնահատականների սրբագրում։ Ես Ձեզ հիմա կրկնում եմ, ինչ ասել եմ նախորդ շաբաթ՝ բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան բացառապես քաղաքական մշակույթին հարիր ճանապարհով։ Բոլոր ոչ քաղաքական երևույթները՝ զոռբայությունը, բիլագներով հարց լուծելը, կիսագրագիտությունը, անգրագիտությունը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից՝ անկախ կուսակցական պատկանելությունից»։



Շարմազանովը նաև նշեց, որ իրենք երևույթներից են խոսել, իսկ մեք սենսացիա ենք ման գալիս։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ