Կոստանյանը ջղաձգվել է իր պաշտոնի շուրջ սկսված խարդավանքներից

Կոստանյանը ջղաձգվել է իր պաշտոնի շուրջ սկսված խարդավանքներից

Այն պահից, երբ հանրությունը, հատկապես գյումրեցիները, սկսեցին կասկածի տակ դնել Գեւորգ Կոստանյանի «տղամարդկությունը», քանի որ հրապարակավ ասված իր խոսքին տեր չկանգնեց, ՀՀ գլխավոր դատախազն ուղղակի անհետացել էր: Իսկ նա «տղամարդավարի» խոստացել էր դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: Հունվարի 15-ից մինչ օրս լրատվամիջոցները պաշտոնական հարցում են ուղարկում դատախազություն` տեղեկանալու, թե արդյոք կատարվա՞ծ է «տղամարդու խոսքը», սակայն ձայն բարբառո հանապատի:



Գլխավոր դատախազն անցել էր ընդհատակ, նրան ոչ կառավարությունում, ոչ էլ այլուր բռնացնելու հույսերը զուր են: Մինչդեռ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղարկած նամակին արագ արձագանքել էր Ռուսաստանի դատախազությունը` հայտնելով, որ ՌԴ քննչական կոմիտեն քննում է ՌԴ քաղաքացի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ նրան էքստրադիցիայի ենթարկելու հիմքեր չկան: Կոստանյանին մնում էր կառավարության նիստերից հետո աննկատ ճողոպրել լրագրողներից, մինչեւ որ ռուս գործընկերներն իր նամակի ճակատագիրը որոշեն: Սակայն երբ մամուլում սպրդեցին նրա պաշտոնը կասկածի տակ առնող լուրեր, ըստ որոնց՝ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն աչք ունի գլխավոր դատախազի պաշտոնի վրա, եւ այդ ուղղությամբ որոշ կաբինետներում խարդավանքներ են հյուսվում, Կոստանյանը հայտնվեց լրագրողների տեսադաշտում ու իր հերթական «տղամարդու խոսքը» փոխանցեց պաշտոնի հավակնորդներին: «Ես, որպես կանոն, լուրեր չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որեւէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել ու նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է եւ օրինաչափ, որովհետեւ ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձն անպայմանորեն աշխատելու է իր անձնական ու մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված, հուսով եմ՝ դրական իմաստով, եւ դրա համար որեւէ մեկը կարող է ձգտել, առավել եւս բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու, դա իրենց խնդիրն է»,-նեղսրտել է Կոստանյանը:



Այս ջղաձիգ խորհուրդները վկայում են, որ Կոստանյանն արդեն, ինչպես կասեր իր նախորդ Աղվան Հովսեփյանը, հոգեխանգարմունքի մեջ է: Հոգեվիճակը վառ արտահայտվել է նաեւ վերջին օրերին քրեական աշխարհի ակտիվության, սպանությունների վերաբերյալ հարցը լսելիս: Թե ինչով է պայմանավորված քրեական աշխարհի ակտիվացումը, դատախազը նուրբ ակնարկել է. «Ես կարծում եմ, որ դեռեւս վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը: Բայց, նկատի ունենալով, որ, որպես կանոն, դա իր հիմքում ունենում է թե զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ, համենայնդեպս, յուրաքանչյուր գործով իրականացվող ավելի համալիր միջոցառումների, քննության արդյունքում բացահայտվում է տվյալ հանցանքը ծնող պատճառների եւ պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ մենք կունենանք համալիր եւ համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»:



Հարցին, թե ոստիկանության բացթողո՞ւմն է պատճառը, գլխավոր դատախազը պատասխանել է, որ իրենք չեն խոսում բացթողումների ու ձեռքբերումների մասին, խոսում են հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու եւ հանցածին հանգամանքները նվազեցելու ու վերացնելու միջոցառումների մասին: Այս կամ այն միջոցառումն ունի պատշաճ արդյունավետություն, թե դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ են պետք, դա հընթացս կերեւա: Ինչ վերաբերում է տխրահռչակ նամակին, ասել է՝ ինքն ու Զարուհի Փոստանջյանը նույնը չեն, Զարուհին ֆիզիկական անձ է, իրեն կարող էին արագ արձագանքել: Բայց եւ միաժամանակ նախապատրաստել է. դիմելու փաստն ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը: Դատախազն արդարացել է, թե ժամկետ նշված չէ, ռուս գործընկերները դեռ քննարկում են պատասխանը, իսկ նամակի բովանդակության հրապարակումը բացառել է: