Ժողովուրդը հուսահատված է և երևի մի 10 տարի էլ ուշքի չի գա

Ժողովուրդը հուսահատված է և երևի մի 10 տարի էլ ուշքի չի գա

Գագիկ Ծառուկյանի նահանջից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին լքողներից էր պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նա հիմնավորում էր, որ չէր կարող լինել մի կուսակցությունում, որը որդեգրած քաղաքականությունից պայքարի թեժ պահին նահանջեց: Մինչդեռ նրա որդու դեմ հարուցված քրեական գործը շարունակվում էր: Ի՞նչ վիճակում է այդ գործը: Պարզվում է՝ Ծառուկյանին չեզոքացնելուց, ԲՀԿ-ն լուծարելուց հետո իրավապահները չեն երեւացել Գասպարյանի տանը: Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել քննչական մարմին ու հասկանալ, թե ինչ հունով է ընթանալու այդ գործը: Կարո՞ղ է այսուհետ դա կաշկանդի նրան՝ շարունակելու նույն ընդդիմադիր գործունեությունը, Գասպարյանը հուսահատվեց. «Դե, ընդդիմություն էլ չի մնացել, որ ընդդիմադիր լինենք: Չգիտեմ, երկուշաբթի օրվանից կզբաղվեմ որդուս գործով, տեսնեմ ինչն է պատճառը, եթե լուրջ հիմք կա, թող դատեն իմ տղային, եթե չէ` թող փակվի գործը»: Իսկ օրենսդիր մարմնում ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա գործունեությունը, ի՞նչ կարգավիճակում է լինելու: «Իմ կարգավիճակը դեռ ես էլ չգիտեմ, երեւակայի՝ մոտ ապագայում կտեսնենք ինչ է կատարվում Ազգային ժողովում, տղաների հետ կզրուցենք, կխորհրդակցենք մեր անելիքը»:



- Պարոն Գասպարյան, կուսակցությունից արտահոսքը, փլուզումը սպասելի՞ էր Ձեզ համար:



- Կուսակցությունը հավաքված էր Ծառուկյանի շուրջ, եթե Ծառուկյանն ինքն է դուրս գալիս, բնական է, որ մնացածն էլ պիտի դուրս գային:



- Խոսակցություններ կան, որ Ծառուկյանն է ստիպել, որ իրենից հետո լքեն կուսակցությունը:



- Չէ, Ծառուկյանը հաստատ չի հրահանգել դուրս գալ, կոնկրետ ինձ նման հրահանգ չի եղել: Ես հանդիպում եմ ունեցել իր հետ, ինքն ինձ նման բան չի ասել, ասել է` ոնց կցանկանաս, այդպես էլ վարվի: Ծառուկյանի հետ իմ դուրս գալուց առաջ եմ հանդիպել: Դե, ասեց` ինքը դուրս է գալիս ու կապ չի ունենա կուսակցության հետ, մենք էլ ըստ ցանկության որոշենք:



- ԲՀԿ-ն լքած պատգամավորներով մտադիր չե՞ք նոր կուսակցություն հիմնադրել:



- Ես մեկ անգամ Ծառուկյանի խնդրանքով մտել եմ ու վերջ: Անկուսակցական եմ եղել ամբողջ կյանքս, ոչ մի կուսակցություն չեմ մտել, Ծառուկյանը որ կանչեց, զրուցեցինք, հենց էն սկզբից չէի համաձայնում, բայց իր խաթր իր կողքին եղա, այսուհետ ես էլ որեւէ կուսակցություն չեմ մտնելու, միանշանակ` ոչ:



- Իսկ Ազատամարտիկների դաշինքով հնարավո՞ր է առաջիկայում ակտիվանաք` վերսկսելով իշխանությունների դեմ պայքարը: Ի վերջո, Ազատամարտիկների դաշինքն ստեղծվեց քաղաքական շարժառիթներով:



- Ճիշտն ասած, դաշինքով նման բան դեռ չենք քննարկել, էդ դեպքերից հետո դեռ ուշքի չենք եկել, ուղղակի դաշինքը… դե, զբաղվում է ազատամարտիկներով, տարածքներով, հենց ազատամարտիկներին աջակցելու գործով…



- Ձեր կարծիքով, ապագա կունենա՞ նոր ԲՀԿ-ն, որի ղեկավարն է Նաիրա Զոհրաբյանը:



- Երեւի ընթացքում «Բարգավաճը» կակտիվացվի, չեմ կարող իրենց փոխարեն ասել, թե ինչ կարգավիճակում է լինելու:



- Ըստ Ձեզ, որեւէ ուժի կհաջողվի՞ շարունակել ՀԱԿ-ԲՀԿ կիսատ թողած պայքարն ընդդեմ Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ հասնել արտահերթ ընտրությունների:



- Հիմա ժողովուրդը հուսահատված է եւ երեւի մի 10 տարի էլ ուշքի չի գա: ՀԱԿ-ն էլ վաղուց պայքարում է:



- ՀԱԿ-ին կհաջողվի՞ հասնել արտահերթ ընտրությունների:



- Տարիներ շարունակ պայքարել է, ՀԱԿ-ի պայքարը վաղուց է, ու արդյունքն էլ տեսնում ենք:



- Մինչ ԲՀԿ առաջնորդի վրա իշխանության ճնշումները, ամենաշատը Դուք էիք վստահեցնում, որ Ծառուկյանը պատրաստ է կորուստների հանուն ժողովրդի, հայրենիքի փրկության, ինչպե՞ս ստացվեց, որ հակառակը տեղի ունեցավ:



- Բոլորիս համար էլ անակնկալ էր Ծառուկյանի քայլը, մինչեւ հիմա չենք իմանում` ինչ պայմաններում հարցեր դրվեց, որ նա հրաժարվեց պայքարից: Մինչ այդ բոլորին էլ ասվել էր, որ պատրաստ է կորցնելու, ու բոլորս, հավատալով, գնում էինք, բայց թե ինչ կատարվեց… Երեւակայի՝ իր մեկնաբանածն էր, որ արյունահեղություն է լինելու, իսկ ամեն մի հայի արյուն իր համար ամեն ինչից թանկ էր:



- Այսինքն, արձանագրեցիք, որ այս ռեժիմի դեմ պայքարը դատապարտված է ձախողման, եւ ռեժիմն է որոշում «մինչեւ վերջը»:



- Պայքարն արյունահեղության էր տանելու, ինձ թվում էր` էլ իմաստ չկար: