28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը. Էդվարդ Նալբանդյան

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանը։

Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում ‪‎Օսմանյան‬ կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի և դատապարտում է դրա ժխտումը։

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով ‪‎Ցեղասպանության‬ մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։

‪Եվրամիության‬ օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։

Բանաձևը կարևոր ուղերձ է ‪‎Թուրքիային‬՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։



Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին»։