Ալեգրովայի համերգի տոմսերը դեռ «տանն են»

Ալեգրովայի համերգի տոմսերը դեռ «տանն են»

Կարծում ենք` «Ֆորպոսթար» ընկերության ռուսական գրասենյակի կազմակերպիչների հիշողության մեջ դեռ երկար կմնան այն տեսարանները, երբ տոմսարկղերի մոտ հավաքված մարդիկ հետ էին պահանջում Իրինա Ալեգրովայի մենահամերգի տոմսերի համար վճարած գումարները, նույնիսկ այն մարդիկ, որոնք ուղղակի նվեր էին ստացել այդ տոմսերը, այլ ոչ թե գնել: Դե իսկ հայ ժողովրդի հիշողության մեջ էլ դեռ թարմ է տպավորությունը, որ հայտնի երգչուհու համերգի տոմսերը գնեցին, բայց երգերը լսելու պատվին չարժանացան: «Եթե մարդիկ ցանկանում են իրենց տոմսերը հետ վերադարձնել, կարող են այս էլեկտրոնային հասցեով՝ [email protected], ներկայանալ, գրել իրենց տոմսի համարը, մենք կոնստրուկտիվ ստուգում կանցկացնենք եւ կվերադարձնենք»,- հայտարարեց Ալեքսանդր Տոստելեւը՝ «Ֆորպոսթար» ընկերության Մոսկվայի գրասենյակի գլխավոր տնօրենը: Այս հայտարարությունից անցել է մեկ ամիս: Սակայն մարդիկ դիմում են մեզ, տեղեկացնելով, որ, հայտարարության համաձայն, ուղարկել են իրենց դիմումը, սակայն ոչ մի արձագանք:



Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովայի մենահամերգը Երեւանում պետք է կայանար մարտի 6-ին, սակայն երգչուհին առողջական խնդիրների պատճառով հետաձգեց այն մինչեւ ապրիլի 6-ը: Հետագայում պարզվեց, որ ապրիլի 6-ի համերգը եւս հետաձգվում է: Կազմակերպիչները դա պայմանավորել էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներով, քանի որ ապրիլի 22-23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորում պետք է կայանար Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: