Ժխտում ես` ուրեմն ընդունում ես

Ժխտում ես` ուրեմն ընդունում ես

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քաղաքական զարգացումները մոտենում են իրենց գագաթնակետին: Երեւանում սկսվել են տարելիցին նվիրված միջոցառումները, իսկ աշխարհի երկրների խորհրդարանները շարունակում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր ընդունել: Վերջին պետությունն Ավստրիան էր: Սպասվում է, որ ապրիլի 24-ին նաեւ Գերմանիայի Բունդեսթագը հայերի կոտորածները կճանաչի որպես ցեղասպանություն:



Այս իրադարձությունների համատեքստում առավել ուշագրավ է դառնում թուրքական կողմի պահվածքը: Այս շաբաթ Թուրքիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեկը մյուսին հերթ չտալով, անդրադարձան ցեղասպանության խնդրին: Մասնավորապես, ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձ է հրապարակել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Խուսափելով «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց` նա հայտարարել է, որ իրենք «հարգանքով են հիշում իրենց կյանքը կորցրած օսմանյան անմեղ հայերին եւ խոր վշտակցություն հայտնում նրանց հետնորդներին»: Դավութօղլուն երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները ներկայացրել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանք` ասելով, որ դրանից տուժել են նաեւ այլ էթնիկ եւ կրոնական խմբեր, այդ թվում` թուրքերն ու մուսուլմանները:



«Թուրքիայի համար թե՛ պատմական, թե՛ մարդկային պարտականություն է՝ հարգելու օսմանյան հայերի հիշատակը եւ հայկական մշակութային ժառանգությունը: Սրանից ելնելով է, որ (Պոլսի) Հայոց պատրիարքությունն ապրիլի 24-ին կրոնական ծես է մատուցելու, եւ օսմանյան հայերն են հիշվելու Թուրքիայում, ինչպես եւ աշխարհի մյուս վայրերում: Այդ օրը շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին հարգել օսմանյան հայերի հիշատակն այն միջոցառմանը, որը համահունչ կլիներ երկու պետություններին: Դա այն է, ինչ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասում էր իր ուղերձում 2014թ. ապրիլի 23-ին, երբ նա վարչապետ էր: Մենք համոզված ենք, որ երբ պատմությունն այլեւս չի շահարկվում քաղաքական նպատակների համար, հնարավոր է հասնել հասուն եւ բարոյապես առողջ նման արդյունքի»,- մասնավորապես ասել է Դավութօղլուն:



Թուրքիայի նախկին արտգործնախարարի մտքերին բավական մոտ է արտահայտվել ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` Չավուշօղլուն Վաշինգտոնում ասել է, որ «Թուրքիան կիսում է հայերի վիշտը», բայց հրաժարվել է կատարվածն ընդունել որպես ցեղասպանություն: Ի պատասխան հայ դիվանագետի հարցին` արդյոք Անկարան չի՞ պատրաստվում հետեւել Եվրախորհրդարանի կոչին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` դրանով իսկ ճանապարհ հարթելով իրական հաշտեցման համար, նա ասել է, որ միջազգային կառույցների եւ արտերկրյա խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումը որեւէ կերպ չի նպաստում հաշտեցմանը: «Ո՞վ է որոշում՝ դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ»,- հարց է հնչեցրել Թուրքիայի արտգործնախարարը:



Առավել հետաքրքիր եւ նույնիսկ ինչ-որ չափով անսպասելի էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությունը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա մասնավորապես ասել է. «Մենք միտումնավոր եւ ցանկանալով ցեղասպանություն չենք արել: Աշխարհում հայտնի են ցեղասպանություն անողները: Ըստ ՄԱԿ-ի` 1915-ը չի համարվում ցեղասպանություն»:



Հասկանալի է, որ «ցեղասպանություն» բառն առաջին հերթին եղել է լրագրողի հարցում, եւ Արընչը խոսել է այդ հարցի համատեքստում, բայց, ամեն դեպքում, բավական արտասովոր է, երբ թուրք պաշտոնյան սկսում է քննարկել` ցեղասպանության հանցագործությունը միտումնավոր է կատարվել, թե ոչ: Ընդհանրապես, Դավութօղլուի, Չավուշօղլուի հայտարարություններում որեւէ էական նորություն չկա: Ընդհանուր առմամբ, դրանք լիովին տեղավորվում են հայկական հարցում Թուրքիայի իշխող կուսակցության քաղաքականության եւ հատկապես Էրդողանի` նախորդ տարվա ապրիլքսանչորսյան ուղերձի տրամաբանության շրջանակներում (ի դեպ, չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը նոր անակնկալ մատուցի նաեւ այս տարելիցին, ինչպես եղավ անցյալ տարի): Գուցե Դավութօղլուն, իր վերջին ուղերձում խոսելով «ընդհանուր ցավի» եւ «արդար հիշողության» մասին, փորձել է այս անգամ ավելի համոզիչ արտահայտվել, որ միջազգային հանրությունը վերջապես հավատա` իրենք իսկապես խոր վշտի մեջ են հայերի համար, թեեւ չեն ճանաչում ցեղասպանությունը, իրենք շատ են սիրում հայերին ու միշտ էլ սիրել են, դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են նրանց հետ, երբեք չեն թալանել, չեն կեղեքել, չեն սպանել, պարզապես Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի է ունեցել ինչ-որ արհավիրք, որից տուժել են նաեւ թուրքերը: Այս մոտեցումն անցում է խիստ ժխտումից դեպի ավելի ճկուն մարտավարություն: Հայ թուրքագետներն այն կոչում են «խելացի ժխտողականության» քաղաքականություն: Բնականաբար, Թուրքիայի այս կեցվածքն անընդունելի է Հայաստանի եւ Հայկական սփյուռքի համար:



Բայց, մյուս կողմից, այն փաստը, որ Թուրքիայի նախագահն ու վարչապետն սկսել են ցավակցական ուղերձներ հղել հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, արդեն իսկ կարելի է որոշակի առաջընթաց համարել: Հավանաբար, դա ինչ-որ չափով արտացոլում է թուրք հասարակության ներսում գիտակցական տեղաշարժը դեպի ճանաչում, եւ գուցե կգա ժամանակը, երբ Թուրքիայում ավելի լայն հասարակական շրջանակներ կբարձրացնեն այդ հարցը: Իսկ ցեղասպանության հարցը, ուզենք թե չուզենք, նաեւ Թուրքիայի ներքին խնդիրն է: Փաստորեն, ստացվում է` թուրք ղեկավարները խոսում են հայերի զանգվածային սպանությունների մասին` ակամայից օգտագործելով «ցեղասպանություն» բառը, բայց հրաժարվելով կատարվածն ընդունել որպես ցեղասպանություն եւ հաշվի նստել պատմական ճշմարտության հետ: Սա բավական հետաքրքիր իրավիճակ է: Այս դեպքում թերեւս տեղին է հիշել հայտնի ճշմարտությունը. եթե սկսում ես քննարկել, ուրեմն արդեն իսկ ընդունում ես կատարված փաստը` թեկուզ ենթագիտակցաբար:



Ի դեպ, փաստի հերքումն էլ շատ հաճախ հակառակի մասին է վկայում, եւ որքան ավելի արմատականորեն է «հիվանդը» հերքում, այնքան ավելի ակնհայտ է դարձնում իր «հիվանդության» փաստը:
Ի դեպ, Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Hurriyet-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով Դավութօղլուի հայտարարությունը, ասել է. «Սա բավական սուր հայտարարություն էր, եւ ինձ դա ուրախացնում է… Ինչպես եւ անցյալ տարվա Էրդողանի ուղերձը, այս տարի էլ Դավութօղլուի հնչեցրած ուղերձը ձիթենու ճյուղ է, եւ մենք չպետք է թույլ տանք, որ այն չորանա»:



Արամ ՍԱՐԳՍՅԱՆ