Ինչպիսի՞ն կլինեն հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո

Ինչպիսի՞ն կլինեն հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո

Հայաստան-Թուրքիա հասարակությունների միջև հարաբերությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կշարունակեն զարգանալ: Երկու հասարակությունում էլ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ: Թուրքական հասարակությունը այլևս միասնական կարծիք չունի Ցեղասպանության հարցում, այն մասնատված է ենթահասարակութունների, որոնք միանգամայն տարբեր կերպ են ընկալում Հայաստանը և Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին փորձագետները Հայաստանից և Թուրքիայից:



Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի նախաձեռնությամբ` ապրիլի 23-ին կայացավ քննարկում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոչընդոտներն ու անհրաժեշտ զարգացումները՝ 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Թուրքիայից ժամանած հայտնի փորձագետ, քաղաքագիտության դասախոս, Հրանտ Դինք հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Թարաֆ օրաթերթի սյունակագիր Ջենգիզ Աքթարը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



Թուրքիայի հասարակությունում Ջենգիզ Աքթարը վերջին տասը տարիների ընթացքում տեսնում է «կարևոր զարգացումներ» հայկական հացի ընկալման տեսանկյունից: Մարդիկ վերադառնում են իրենց արմատներին, վերականգնվում են հիշողությունները, նշում է Աքթարը և հավաստում, որ սա անբեկանելի գործընթաց է: Նրա խոսքով, այլևս չկա միասնական Թուրքիա՝ «կան Թուրքիաներ»:



«Թուրքիայի հասարակությունն այլևս միասնական չէ, այն մասնատված է: Գոյություն ունի մի քանի ենթահասարակություն: Կա պաշտոնական Թուրքիայի կարծիքը և կան ենթախմբեր՝ ակադեմիական շրջանակներ, երիտասարդներ, քաղաքացիական ակտիվիստներ, որոնք այլ կերպ են մտածում: Սա մեծ փոփոխություն է», - հայտարարեց բանախոսը:



Նա անդրադարձավ Անկարայի կտրուկ արձագանքին Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես խոսեց Վատիկանից և Ավստրիայից Թուրքիայի դեսպանների հետկանչի մասին՝ ի պատասխան Հռոմի Պապի և Ավստրիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ակտին: Այդ քաղաքականության արդյունքում, նշում է Ակթարը, Թուրքիան դարձել է ամենաշատ թվով դիվանագետներ հետ կանչած երկիրը:



«Անկարան հետ է կանչել դիվանագետներ Իսրայելից, Եգիպտոսից, Դամասկոսից, Վատիկանից, Ավստրիայից: Եթե այսպես շարունակվի, ապա Թուրքիային դիվանագետական հարաբերություններ պետք չեն լինի», - նշեց Ակթարը:



Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայնեց Ջենգիզ Աքթարի հետ՝ նշելով, որ այժմ շատերն են Թուրքիայում ազատ խոսում Ցեղասպանության մասին: Մարդիկ, ովքեր խոսում են այնպես ինչպես Ջենգիզը Ակթարը այժմ կազմում են տասնյակներ, նշում է Իսկանդարյանը ու հավելում, որ այն ինչ տեղի է ունենում հիմա Թուրքիայում, տաս տարի առաջ ուղղակի անհնար էր:



«Ջենգիզը նման հայտարարությունների համար կամ կգնար բանտ, կամ կարտագաղթեր», - ասաց բանախոսը՝ օրինակ բերելով սպանված Հրանտ Դինքին, ով քսան տարի առաջ չուներ անձնագիր և չէր կարող լքել Թուրքիան:



Կովկասի ինստիտուտի տնօրենի համոզմամբ Հայաստանում հաճախ չեն հասկանում Թուրքիայում կատարվող փոփոխությունները: «Թուրքիան փոխվում է ներսից, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլ նաև քրդերի, մարդու իրավունքների և ազատությունների, խոսքի ազատության և այլ խնդիրների նկատմամբ: Հաճախ Հայաստանում Թուրքիան ընկալվում է մեկ միասնական ամբողջություն, երբ մարդիկ խոսում են հայ-թուրքական հարաբերություններից, ասում են՝ Էդրողան, Դավութօղլու, Անկարա», - ընդգծեց Իսկանդարյանը:



Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանի հասարակությունը Թուրքիայի հարցում ևս միասնական կարծրացած մոտեցում չունի:



«Հայաստանում փոփոխությունների դինամիկան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից առաջ է անցել: Եթե ժամանակին մարդկանց 99 տոկոսը Թուքիան ասոցացնում էր Թալեաթ փաշայի, Առաջին համաշխարհային պատերազմի կամ Ցեղասպանության հետ, ապա հիմա Թուրքիան հարևան պետություն է: Վատ պետություն է, որը չի ընդունում Ցեղասպանությունը և պատմությունը, բայց դա ժամանակակից պետություն է, որը գտնվում մեր կողքին», - նշեց բանախոսը:



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման անհաջող փորձից հետո վերադարձել են նախկին պարադիգմային՝ թուրքերը թշնամի են, իսկ ռուսները՝ բարեկամ:



«Մենք կրկին սկսեցինք Թուքրիայի հետ հարցերը լուծել երրորդ ուժերի միջոցով: Ասում ենք՝ Թուրքիային ստիպեք, որ Ցեղասպանությունը ճանաչի», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը Թուրքիան է, քանի որ դրեց նախապայմաններ, որդեգրեց պրիմիտիվ ադրբեջանամետ դիրքորոշում և չգնաց հարաբերությունների կարգավորման:



«Այնուամենայնիվ համոզված եմ, որ հայերը թուրքի հետ պետք է լուծեն իրենց հարցերը ուղիղ դիալոգի միջոցով: Պետք է շարունակել երկխոսությունը հասարակությունների միջև տարբեր հարցերի շուրջ, ինչը կբերի փոփոխությունների, որոնք կազդեն նաև քաղաքական որոշումների վրա», - ասաց բանախոսը:



Բանախոսները թեև կտրուկ փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չեն սպասում, այնուամենայնիվ որոշակի դրական զարգացումների հնարավորություններ տեսնում են: Փոխվում են հասարակությունները և վերականգնվում են հիշողությունները:



«Ամենակարևոր իրողությունը հանդիսանում է այն, որ թուրքական պետությունը չի խոչընդոտում այդ գործընթացին», - նշեց Ջենգիզ Ակթարը:



«Շեշտակի փոփոխություններ չեմ սպասում հայ-թուրքական հարաբերություներում, քանի որ չեմ տեսնում պատճառներ, որ դրանք տեղի ունենան: Այուամենայնիվ, կարծում եմ, որ մի օր հայ-թուրքական սահմանը կբացվի, քանի որ հավերժ փակված սահմաններ չեն լինում: Այն ժամանակ, երբ բացվի սահմանը, նոր իրավիճակ կլինի, որին մենք բացարձակապես պատրաստ չենք», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի երկուստեք ընկալումներն անհամաչափ են:



Թուրքիայի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում բավականին մեծ է: Բացի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և գիտնականներից, նշում է Իսկանդարյանը, Թուրքիայով հետաքրքրված են նաև փոքր ձեռներեցները:
«Սակայն Թուրքիայում իրավիճակն այլ է: Այն մեծ պետություն է: Կարելի է Թուրքիայի խորքերում ապրել և չիմանալ անգամ Հայասանի գոյության մասին: Թուքերին Հայաստանն այնպես չի հետարքրում, ինչպես հայերին՝ Թուրքիան», - եզրափակեց նա: