ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանի վերջին հրաժեշտն՝ այսօր

ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանի վերջին հրաժեշտն՝ այսօր

ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր ժամը 12:00-14:00-ը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:



Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո, ապրիլի 30-ին կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն է կնքել հայ թատրոնի ինքնատիպ անհատականություններից մեկը` Լեյլի Խաչատրյանը, դերասանուհի, ով հայ բեմին ժառանգել է ուշագրավ և հետաքրքիր կերպարներ, շարունակել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ և ռուսական բեմի մեծերի լավագույն ավանդույթները:



Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930 թ. մայիսի 2-ին, հայտնի երաժիշտների ընտանիքում: Նրա հորեղբայրը մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր, ով ապագա դերասանուհու մեջ սերմանել է սեր դեպի արվեստն ու երաժշտությունը: Դպրոցն ավարտելուց հետո Լեյլին մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան՝ վոկալի բաժին: Այն գերազանց ավարտելուց հետո եկել է Երևան և ուսանել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի՝ դերասանական ֆակուլտետում: Նրա վարպետները՝ Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը, Վ. Վարդանյանը, միանգամից տեսել են Լեյլիի բացառիկ տաղանդը:



Նրան հրավիրում էին աշխատանքի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, սակայն դերասանուհին ընտրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, քանի որ այն ավելի հոգեհարազատ էր իրեն: 1956 թ. մինչև կյանքի ավարտը նա անմնացորդ նվիրվել է սիրելի թատրոնին՝ իր վառ անհատականությամբ զարդարելով բեմը:



Բազմաթիվ են եղել Լեյլի Խաչատրյանի խաղացած դերերը՝ շուրջ 150: Եվ դրանցից ոչ մեկը անցողիկ չէր: Նրա ստեղծած կերպարները չափազանց հետաքրքիր էին. թափանցում էր իր հերոսուհիների հոգու խորքը, կարողանում գտնել կերպարի ամենաթաքնված իմաստը և միայն իրեն հատուկ վարպետությամբ մատուցում այն: Նրա ստեղծած կերպարների շարքը կարելի է անվերջ թվարկել՝ Գոլդա, Խանումա, Սաբեթ, Տուրուսինա, Խլյոստովա, Ալեքսանդրա Դմիտրիևնա, Խախո և շատ ուրիշներ:



Լեյլի Խաչատրյանը երկար տարիներ դասավանդել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում՝ փոխանցելով մատաղ սերնդին իր վիթխարի փորձը:



Լ. Խաչատրյանն ուներ բազմաթիվ թատերական մրցանակներ և պարգևներ՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀԹԳՄ ոսկե մեդալ և այլն: 1976 թ. արժանացել էր ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 2004 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: