Աղբը մի թափեք որտեղ պատահի

Աղբը մի թափեք որտեղ պատահի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք:



Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ:



Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում տեղի ունեցող վթարներին և դրանց վերացման աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը խրամուղիներ փորելու ուղղությամբ՝ բացառելով ապօրինի աշխատանքների իրականացումը: Քաղաքապետի հանձնարարությամբ այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, ովքեր կփորձեն առանց համապատասխան թույլտվության խրամուղիներ փորել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: