Փորձը փորձանք չէ

Փորձը փորձանք չէ

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հետևել է ՔՊ (Քաղաքացիական պայմանագիր) կուսակցության ստեղծման ընթացքին և մանավանդ կուսակցության հիմնադիր համագումարին ու այնտեղ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հնարավոր է՝ բացականչած լինի. «Սա պատանին կգերազանցե զիս...»:



Սա հենց այնպես չենք ասում և այսպես մտածելու պարագայում էլ Նիկոլ-Լևոն հարաբերությունները նկատի չունենք: Պարզապես ոչ շատ վաղուց կուսակցություն ստեղծելու ճանապարհին էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ի վերջո ստեղծեց մի բան, որն ավելին չէր, քան ՀԱԿ մնացորդացը կուսակցական «լաֆետի» մեջ տեղավորելը, այսինքն՝ կուսակցական անիվների վրա դնելը: Դնելը դրեց, բայց ինչպես Նարեկացին կասեր՝ և ահա, չէր խաղար անիվն այն, և ահա չէր շարժեր սայլիկն այն: Սրա վերջը բոլորին է այտնի՝ այդ «լաֆետը» կապեցին ԲՀԿ-ի պոչին ու... փետրվարի 12-ին այդպիսի զուլում:



Իսկ մինչ այդ (մինչև ՀԱԿ կուսակցության հիմնադրումը) Լևոն Զուրաբյանը որտեղ կանգնում՝ հայտարարում էր՝ ՀԱԿ-ը (Կոնգրեսը, ոչ՝ կուսակցությունը) Հայաստանում ձևավորել է ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ես լավ չեմ հասկանում թե ինչ է այդ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, բայց ՀԱԿ կուսակցության հիմնադրումից հետո Լևոն Զուրաբյանն այլևս չի ասում, որ իրենք ինստիտուցիոնալ ընդդիմություն են: Տեսնես ի՞նչ պատահեց...



Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը, կարծես, վերցնում է էստաֆետը, ասելով՝ գնում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու: Բայց այդպես էլ չի բացատրում, թե որն է ինստիտուցիոնալ ընդդիմությունը: Այսինքն՝ մեկ անգամ փորձել է բացատրել, բայց դրանից բան դուրս չի եկել: 2015թ. ԱԺ փետրվարի 23-ի լիագումար նիստում Նիկոլ Փաշինյանը տվել է իր կարծիքով ինստիտուցիոնալ ընդդիմությանը ներկայացվող երեք կարևորագույն պահանջները. «Առաջինը՝ մենք դա կոչում ենք ապագայի ծրագիր: Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է ունենա շատ հստակ ծրագիր, որպեսզի կարողանա մարդկանց բացատրել, թե այսօրվա վատ, ահավոր վատ, ծայրահեղ վատ իրավիճակը ինչպես է ինքը պատրաստվում փոխել, ինչ քայլերով, ինչ ժամկետներում, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ եւ ինչպիսի արդյունք է պատրաստվում ստանալ: Այսինքն՝ փոփոխությունների, ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ: Երկրորդը՝ ամենակարեւոր սկզբունքը: Այսպես կոչված սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպերթիմերի ինստիտուտով: Սա կարեւոր, շատ կարեւոր նախապայման է, որովհետեւ մենք ունենք մի վճռական իրավիճակ, որ վերջին 20 տարիների ընթացքում գրեթե 100 տոկոսով աշխատել է: Վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Ու այդ սուպերլիդերը միշտ, գրեթե միշտ՝ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնել: Երրորդ կարեւորագույն պայմանը՝ ինստիտուցիոնալ ընդդիմության, հետեւյալն է: Պետք է ունենալ կառույցներ ամբողջ հանրապետությունով եւ քաղաքական պրոցեսներին լիարժեք մասնակցությունով, սկսած՝ տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններից, վերջացրած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով»:



Եթե սա է ինստիտուցիոնալ ընդդիմությունը, ապա կարելի է ասել, որ Հայաստանում ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք բավարարում են Փաշինյանի թվարկած բոլոր պահանջները: Ծրագիր ունեն, կոլեգիալ ղեկավարում, մարդուժ: Այնպես որ կարիք չկար երևի նորաստեղծ ՔՊ-ին դնելու մի բեռան տակ, որ մի շարք կուսակցություններ արդեն 20 տարի է տանում են՝ գործադրելով իրենց քաղաքական ու մարդկային արսենալը:



Այսուհանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը բավականին հետաքրքիր քայլ է արել, որ կարելի է նորույթ համարել: Ի տերբերություն շատ կուսակցությունների, ՔՊ-ն չի պատրաստվում գնալ քաղաքացիական ակտիվիստների դուռը և խնդրել, որ իրեն գործ տան այս կամ այն շարժման մեջ: Մենք մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների ու ղեկավարների տեսանք, ովքեր «Ոչ թալանին» շարժման պոչն էին բռնել; Դրան հակառակ՝ Փաշինյանը և ՔՊ-ում հավաքված մարդիկ փորձում են քաղաքացիական շարժումները և այդ շարժմների ակտիվիստներին մոտեցնել իրենց, դառնալ այդ ակտիվիստների քաղաքական ակումբը, հավաքատեղին: Իսկ սա նշանակում է՝ միշտ մարդաշատ լինել, որովհետև Հայաստանում այսօր ինչն է շատ՝ շարժումն ու ակտիվիստը: Վաղը, երբ ընտրություններ լինեն, ՔՊ-ն մարդուժի պակաս չի զգա, և նրան հարկ կլինի միայն կազմակերպել այդ մարդուժը, ինչը, կարծում ենք, ՔՊ-ի վարչությունը, որպես հավաքական մարմին կկարողանա անել:



ՔՊ-ի երկրորդ և ամենակարևոր հաջողությունն էլ այն է, որ շեշտը դրել է երիտասարդության վրա: Ծերացող կուսակցությունների ֆոնին որոնց շարքերում հիմնականում կարծրացած կուսակցականներ են, ՔՊ-ն բավականին առույգ տեսք կունենա իր շարքերի քաղաքացի-անկուսակցականներով: Համակիրների այդ մեծ և աշխույժ ինստիտուտը աշխատացնելու դեպքում, կարծում ենք, հնարավոր կլինի Հայաստանում բան փոխել: Թող փորձեն: Փորձը փորձանք չէ:



Ու նաև մի դիտարկում՝ ՔՊ-ն պետք է դուրս գա Նիկոլի ստվերից: Թե չէ՝ որ ասում ես Նիկոլի ՔՊԿ, ոնց որ ասես՝ Լևոնի ՀԱԿ: