Մարգարյանը տարակուսած է կառավարության պատասխանից

Մարգարյանը տարակուսած է կառավարության պատասխանից

Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը զարմացած է կառավարության պահվածքից։ Նա նախագիծ է ներկայացրել, որին ուղարկված կառավարության պատասխանը տարակուսանքի մեջ է գցել ՕԵԿ-ական պատգամավորին։ Նա մի օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքների նման հարկային արտոնություններ սահմանել նաեւ Շիրակի մարզի սահմանամերձ համայնքների եւ Գյումրի քաղաքի համար։ Նշենք, որ Շիրակի մարզի համայնքներն էլ սահմանակից են Թուրքիային եւ Վրաստանին։ Մարգարյանի համար այս նախագիծը կարեւոր է նրանով, որ հարկային արտոնություններով կփորձեն կանխել այդ համայնքներում արտագաղթն ու կխթանեն փոքր ու միջին բիզնեսը, պարզապես սահմանամերձ գոյւղական համայնքներում հարկերից ազատում են 100 տոկոսով, իսկ Գյումրի քաղաքում՝ 50 տոկոսով, նաեւ այլ արտոնություններ։ Նա նաեւ տաքսու վարորդների համար է արտոնություններ նախատեսում։



Մարգարյանը, սակայն, շիվարած էր կառավարության եզրակացությունից, որից նա չի հասկացել՝ դրակա՞ն է, թե՞ մերժողական, քանզի առանձին գերատեսչություններ, օրինակ՝ առողջապահության, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունները, դրական եզրակացություն են տվել, որ կխթանի բժշկական ոլորտի զարգացմանը, զարկ կտա տնտեսությանը եւ կոռուպցիոն ռիսկեր էլ չի պարունակում իր մեջ, սակայն կառավարությունն առանձին, իր հերթին, անհասկանալի եզրակացություն է տվել։ Երեկ ՕԵԿ-ական պատգամավորը, այդ եզրակացությունների տրցակը ձեռքին, ԱԺ միջանցքներում շիվարած շրջում էր։ Երբ հարցրինք՝ ի՞նչ է պատահել, նա ասաց, որ այս տարիների ընթացքում երբեւէ նման բան չէր տեսել, որ այսքան ծավալուն եզրակացություն ուղարկեն օրենքի նախագծին, որտեղ առանձին գերատեսչություններ կողմ արտահայտվեն, իսկ կառավարությունը՝ վարչապետի ստորագրությամբ, անհասկանալի, ավելի շատ մերժողականին մոտ պատասխան գրի։ Նա նաեւ նեղսրտեց, որ նախագծի քննարկմանն ինքը ներկա չի գտնվել, հավանաբար, այդ օրը գործուղման է եղել, իսկ կառավարությունից էլ իրեն տեղյակ չեն պահել, որ օրը տեղափոխեն։ Նա կարծում է, որ կառավարությունը փորձել է իր օգտակար նախագծին դրական եզրակացություն չտալ, որովհետեւ դա ներկայացրել է ինքը՝ Հովհաննես Մարգարյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ