Բիբինի 26 կամ` ջրված երազանք

Բիբինի 26 կամ` ջրված երազանք

Նախագահին հունիսի 22-ի երեկոյան մարդիկ դեռ հավատում էին: ԵՏՄ համաձայնագրի ստորագրումից հետո սա թերևս ամենալուրջ փորձությունն էր, որին ենթարկվում էր ՀՀ նախագահն ու ՀՀ իշխանությունը: ՀՀ իշխանությունները ավելի շուտ էին հանձնվել: Նախագահը հանձնվեց հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը: Օրը պատահականներից չէ: 1941 թվականի այդ օրը ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվել է Սովետական Միության վրա: Այդ օրը նաև ոստիկանության զորքերի օրն էր:



Ինչո՞ւ հանձնվեց նախագահը: Գրեթե առանց պայքարի: Նկատի ունենք Բիբինին հանձնվելը: Չէ՞ որ երբ իշխանությունն ու ժողովուրդը միասին են, նրանց հաղթել չի լինում: Իսկ գուցե միասին չէի՞ն:



Մի հատ հասկանանք, թե ինչ էին ուզում մարդիկ իրենց նախագահից ու նա չտվեց կամ չկարողացավ տալ, որ վերջին հաշվով նույն բանն է: Մարդիկ պահանջում էին չափավորել մեկի ախորժակը (տվյալ դեպքում` Բիբինի), որ նա կոպեկներով գնած էլեկտրաէներգիան մոտ 10 անգամ թանկ չվաճառի իրենց վրա: Երկիրը, ըստ սահմանադրության այդ մարդկանցն է, էլեկտրաէներգիան, որ արտադրվում է այդ երկրում` նույնպես, նախագահը այդ մարդկանց նախագահն է, բայց արի ու տես, որ Բիբինը և Բիբինի հարցերը կարգավորող պետական հանձնաժողովն է որոշում, թե ինչքան վճարեն այդ մարդիկ էլկտրաէներգիայի համար: Եվ նախագահը, որ կարող էր վերջին խոսք ասել ու հաբռգածներին տեղը դնել, հանկարծ հանձնվում է ու սկսում ջրել իր ժողովրդին:



Քիչ չի պատահել, երբ անխելք պաշտոնյաների ինքնագլուխ որոշումներից նախագահը պաշտպանել է ժողովրդին` տաքսիստների խնդիրներ, Մաշտոցի պուրակ, տրանսպորտի թանկացում և այլն և այլն: Էլեկտրաէներգիայի պարագայում դա տեղի չունեցավ, թեև Բիբինը վիճակը ուղևորափոխադրողների վիճակից ավելի բարվոք էր, եթե չասենք` որ ՀԷՑ-ը պարզապես փթթում էր: Գուցե խնդիրը հենց Բիբինի ա՞նձն է` մեծ ազգի ներկայացուցիչ, որ դրված է ՀՀ էներգահամակարգի գլխին: Հիմա նույնիսկ չի կարելի բացառել, որ Բիբինը սպառնացել է առաջինը նախագահականի լույսերն անջատել, եթե նախագահը փորձի բավարարել ժողովրդի պահանջը` չթանկացնել էլեկտրաէներգիան: Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, այնպես չէ՞:



Մենք շատ կցանկանայինք հավատալ այն խոսակցություններին (դրանք, հավանաբար, տարածում են հատուկ ծառայությունները), որ հավելյալ 6,93 դրամը ոչ թե Բիբինի գրպանն է մտնելու, այլ ուղղվելու է նորագույն զենք ձեռք բերելուն` կապված տարածաշրջանում իրավիճակի լարվածության հետ: Բայց Բիբինի հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, փորձելով հիմնավորել 6,93 թիվը, այնպիսի լրջությամբ է բացատրում, թե ինչո՞ւ հենց 6,93 դրամով պետք է թանկանա էլեկտրաէներգիան, որ կասկածի տեղ չի մնում, որ այդ գումարը հենց Բիբինի գրպանն է մտնելու: Մեր կարծիքով, եթե կար լրացուցիչ գումարի կարիք, այն էլ անվտանգության և պաշտպանության համար, ապա այն կարելի էր ձեռք բերել համեմատաբար անշառ եղանակով: Վստահեցնում եմ` եթե Բաղրամյան 26-ի մոտակայքում արկղ տեղադրեին, ապա նորագույն տանկերի փողը ավելի շուտ կհավաքվեր, քան հոսանքի ստիպողական թանկացման պայմաններում: Ուրեմն շատ ավելի տրամաբանական է, որ այս փողը պետք էր այլ, գուցե նաև քաղաքական խնդիրներ սպասարկլու նպատակով:



Բավարարելով Բիբինի քմահաճույքները` ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ ԵՏՄ անդամ դարձած Հայաստանում իրենք դադարել են իշխանություններ լինելուց և ավելի շուտ տեղապահական (գուբերնատորական) պարտականություններ են կատարում: Ո՞ւմ համար պարզ չէ, որ ՀՀ ԱԺ-ն մշակութային հաստատության է վերածվել, իսկ պատգամավորները` մշակույթի գործիչների, որ պարբերաբար համերգներ են տալիս կառավարության համար: Ո՞ւմ համար պարզ չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի էն բանը ջաղացի քարին այլևս օգուտ չի տալիս: Վերջապես` հունիսի 22-ի լույս 23-ի գիշերն էլ պարզ դարձավ, որ Բաղրամյան 26-ը վերածվել է մեդալների պահեստի, որտեղից հայ ռուսալեզ սրիկաները երբեմն-երբեմն մեդալ են ստանում Բիբինին անմնացորդ նվիրվածության ու անգերագնահատելի ծառայությունների համար:



Չէի ցանկանա ասել, որ պարտությունը կատարյալ է: Իշխանությունների պարտությունը` գուցե, բայց ոչ ժողովրդի: Ժողովուրդը կգտնի պայքարելու ձևեր, որոնցից մեկն էլ, թող ներվի մեզ ասել, թքել հեռանալն է: Միևնույն է, վաղ թե ուշ կգա մի սերունդ, որ իր հայրենիքում անզեն, թե զինված պայքարով նոր անկախություն կհռչակի` գուբերնատորական հոգեբանությունից զերծ անկախություն, ինչպես դա եղավ մի անգամ` 1918 թվականին: