Վարուժան Ներսիսյանն իմ համար բացարձակ մրցակից չէ

Վարուժան Ներսիսյանն իմ համար բացարձակ մրցակից չէ

Սեպտեմբերի 13-ին Իջեւան քաղաքում սպասվող ընտրությունները, ամենայն հավանականությամբ, չեն զիջի նախորդներին, կլինեն թեժ ու մրցակցային. ՀՀԿ-ն կպայքարի ընդդեմ ՀՀԿ-ի:



Ներկա պահին առաջադրված երկու թեկնածու կա՝ նախկին եւ ներկա քաղաքապետները՝ Իջեւանի ներկայիս գործող քաղաքապետ, Հանրապետականի թեկնածու Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական, Կադաստրի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Ներսիսյանը: 2011-ին գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը կենաց-մահու պայքարում անակնկալ պարտություն կրեց ԲՀԿ-ական Ղալումյանին:



Վերջինի համար ԲՀԿ-ն չխնայեց մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները, նոյեմբերի 13-ին կայացած ընտրությունները լայն արձագանք ունեցան հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում, ինչը, սովորաբար, բնորոշ չէ ՏԻՄ ընտրություններին: Ընտրությունների նկատմամբ մեծ ուշադրությունը պայմանավորված էր նրանով, որ դրանք տեղի ունեցան գալիք համապետական ընտրությունների նախաշեմին եւ այդ պատճառով դիտարկվում էին որպես վերոնշյալ ընտրությունների յուրօրինակ ստուգատես: Մինչդեռ հիմա, ՀՀԿ-ի ձեռամբ քաղաքական դաշտի փոշիացումից հետո, ՀՀԿ-ում ինքնախժռման գործընթաց է սկսվել, ու միմյանց դեմ պայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ՝ նախկին եւ ներկա քաղաքապետներ, ավելի ճիշտ՝ նախկին եւ ներկա մարզպետներ:



Փետրվարյան փոթորիկից հետո Վարդան Ղալումյանն ապահով ապաստան գտավ ՀՀԿ-ի շարքերում՝ շնորհիվ գործող մարզպետ Հովիկ Աբովյանի հետ իր ջերմ կապերի: Նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ, որոշ տեղեկություններով, ստվերային աջակցություն է ցուցաբերում Վարուժան Ներսիսյանին, նա կրկին մարզպետի պաշտոնին վերադառնալու ցանկություն ունի, այդ պատճառով էլ նրա կադրերը դարձել են գործող մարզպետի ախոյանները եւ մեկ առ մեկ հեռացվում են իրենց պաշտոններից:



«Նման բան չկա, նախկին մարզպետն էլ ա ինձ պաշտպանում, եղա՞վ»,- մեր զրույցում ասաց Վարդան Ղալումյանը:



- Պարոն Ղալումյան, փաստորեն, Ձեզ հաջողվեց շահել ՀՀԿ-ի վստահությունը, բայց Ձեր դեմ պայքարելու է ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը:



- Արի սենց պայմանավորվենք, համբերեք գրանցման փուլն էլ ավարտվի, տեսնենք ում կգրանցեն, նոր կզանգես, ազիզ ջան, կխոսենք:



- Ինչո՞ւ, կասկածում եք, որ Դուք կհրաժարվե՞ք պայքարից, թե՞ ՀՀԿ-ն կստիպի Ձեր մրցակցին հանել թեկնածությունը:



- Ես հաստատ չեմ հանի, իմ մասին չէ խոսքը, իսկ Վարուժան Ներսիսյանն էլ իմ համար բացարձակ մրցակից չէ: Կարծում եմ՝ խայտառակ պարտությունից խուսափելու համար ինքը կհանի թեկնածությունը, բայց ես շատ կուզենամ, որ չհանի: Իսկ նախկին մարզպետն էլ իրան չի աջակցում, աջակցում ա հենց ինձ, հասկացա՞ք, ինքն էլ շատ լավ անձնավորություն ա:



- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, չէ՞ որ Դուք, փաստորեն, պաշտոնի համար փոխեցիք Ձեր կուսակցությունը, նախկինում ԲՀԿ-ի շնորհիվ քաղաքապետ դարձաք, հետո լքեցիք, երբ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ գործադրվեցին:



- Բայց ինչի՞ պաշտոնի համար:



- Չե՞ք ընդունում, որ անցած անգամ ԲՀԿ-ի ռեսուրսների շնորհիվ քաղաքապետ դարձաք, հիմա էլ ուզում եք ՀՀԿ-ի միջոցով:



- Ի՞նչ ֆինանս, ֆինանս չկա, մուտիլովկեք ես անում, համ էլ քեզ ի՞նչ՝ ով ինչ միջոց օգտագործեց:



- Այնուամենայնիվ, 2011-ին Դուք քաղաքապետ դարձաք առավել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ԲՀԿ-ի միջոցով, հիմա ՀՀԿ-ի կարգավիճակում շանսեր ունե՞ք:



- Ժողովուրդն է ընտրողը, ե՞ս եմ որոշողը:



- Իջեւանցիները ճիշտ կգնահատե՞ն Ձեր քայլը, այսինքն՝ ինչպե՞ս են ընդունում «դավանափոխներին», Դուք նախկինում ԲՀԿ-ական էիք, հիմա՝ ՀՀԿ-ական…



- Քաղաքական պաշտոն ա, անկուսակցական եմ եղել, դարձել եմ ՀՀԿ: Ինչի՞ համար ես ինձ նույն հարցը տալիս, ԲՀԿ-ից հրաժարվել եմ, դարձել եմ ՀՀԿ-ական, ինչ ա, ըտեղ վատ բա՞ն կա, անընդհատ ասում ես՝ կուսակցությունից կուսակցություն ես գնացել:
Հլը սպասի, մոտս մի ավագանու անդամ կա, հլը սպասի հարցնեմ՝ ո՞նց ես գնահատում, որ ՀՀԿ-ական եմ,… «Ընտիր»՝ ասում ա:



- Հնարավո՞ր է մյուս ընտրություններից առաջ էլ դառնաք, օրինակ, ՀՅԴ-ական:



- Ընտրությունները կուսակցության մեջ մտնելու հետ ընդհանրապես կապ չունեն:



- Հիմա եթե ՀՀԿ-ական չդառնայիք, Ձեզ կաջակցե՞ր ՀՀԿ-ն:



- Լսի՝ կուսակցություն մտնելու մասին էդքան մի խոսա, ժողովուրդն ա ընտրողը, ինքն ա արած աշխատանքների գնահատականը տալիս, համբերեք կտենաք՝ իրա 12 տարվա աշխատանքն են գնահատում, թե իմ 3.5 տարվա, էն կես տարին չեմ էլ աշխատել, ավագանու հետ կապված խնդիր եմ ունեցել: Մեր մոտ ընտրությունները տոնական են լինելու, ես ձեզ խոստանում եմ: