Կառավարությունում դարձյալ միլիոններ են ծախսում՝ պատերը ոսկեպատելու համար

Կառավարությունում դարձյալ միլիոններ են ծախսում՝ պատերը ոսկեպատելու համար

Կառավարությունում շարունակում են տուրք տալ ճոխություններին ու շքեղ վերանորոգումներ անել։ Եվ այդ ամենը, բնականաբար, պետբյուջեի հաշվին ու մերձավորների ընկերությունների միջոցով։



Այսպես, ուրեմն, 02.07.2015-ի Ն723-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունն այլ շենքերի, շինությունների հիմնանորոգման նպատակով ՎԵԿՍ ընկերության հետ կնքել է 25 միլիոն 986 հազար դրամի պայմանագիր։ Պայմանագրի նկարագրության մեջ նշված է, որ կապալառուն պետք է կատարի հարդարման աշխատանքներ, որոնց մեջ մտնում է, օրինակ, «պատերի ներկերի մաքրում եւ հղկում, պատերի բարձրորակ ներկում ջրակայուն լատեքսային ներկով, կեղծ առաստաղների իրականացում, խորանի պարակալների, պատերի երեսպատվածքների, առանձին դետալների, դռների պարակալների, բուխարու վերեւի դետալների, մեծ սեղանի եւ փոքր սեղանի բարձրորակ ոսկեպատում «պատալ»-ե գրքանյութով, նաեւ երկու կոնդիցիոներների եւ պատերի վահանակների առանձին դետալների եւ քիվերի բարձրորակ ոսկեպատում, սյուների գագաթների դեկորատիվ էլեմենտների պատրաստում գիպսից» եւ այլն, եւ այլն։ Կապալառուն պետք է իրականացնի նաեւ դռների, կահույքի եւ պատերի երեսպատում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակ աշխատանքներ։ Այս ամենի արժեքը պայմանագրով կազմում է 25 մլն 986 հազար դրամ, որից 4 մլն 331 հազարը ԱԱՀ-ն է։



Կառավարության լրատվական վարչությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նորոգման մասին է խոսքը, շենքի ո՞ր մասն են նորոգում։ Լրատվականից պատասխանեցին, որ խոսքը դահլիճների նախասրահների հիմնանորոգման մասին է։ Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսված լինեն այս տարվա օգոստոսի 4-ին, ավարտման ժամկետը սեպտեմբերի 3-ն է։



Այստեղ, սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ով է իրականացնում աշխատանքները, ում հետ է կնքվել պայմանագիրը։ Մինչ այդ նշենք, որ գնումն իրականացվել է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման մեխանիզմով, եւ այդ «մեկ անձը» «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն է։ Նշենք, որ մեկ անձից գնում, ըստ օրենքի, կատարվում է միայն այն դեպքերում, երբ ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը, ժամկետի առումով, անհնար է, եւ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել։



Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն պատկանում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի փեսային՝ Կարեն Սարգսյանին, ով փոխնախարարի քրոջ՝ Գայանե Բագրատի Տերտերյանի ամուսինն է։ Այս ընկերության հետ նմանատիպ աշխատանքների, բայց արդեն 241 միլիոն դրամի մեկ այլ պայմանագիր էլ կնքվել էր դեռ տարեսկզբին՝ ապրիլին։ Այս անգամ կառավարությունը որոշել էր վերանորոգել կառավարության նիստերի եւ ընդունելության դահլիճները։ Վերանորոգումն ընթացել էր ոսկեզօծումներով ու ոսկեպատումներով, հատուկ ճոխ քանդակներով եւ այլ թանկարժեք ճոխություններով։ Այս մասին մամուլը գրեց, քննադատեց, բայց, փաստորեն, կառավարությունը հետեւություններ չի արել։ Եվ չնայած լուրերին, որ ՀՀ վարչապետը եւ ընդհանրապես իշխանությունը, դռնեդուռ ընկած, սրան-նրան խնդրում-աղաչում են մի երկու կոպեկ վարկ տալ Հայաստանին՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար, սակայն բերած փողերն էլ այսպես անտնտեսվար են օգտագործում։ Ի դեպ, Տերտերյանի փեսային պատկանող ընկերությունը ժամանակին վերանորոգել է նաեւ Ազգային ժողովի դահլիճը, այնպես որ, կարելի է ասել՝ նմանատիպ աշխատանքների իրականացման համար պետական խոշորամասշտաբ տենդերներ շահելու մոնոպոլիան պատկանում է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ին։



Այս նույն ժամանակահատվածում՝ այլ շենքերի, շինությունների հիմնանորոգման նպատակով, կառավարությունը շուրջ 10.5 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Արայ» ընկերության հետ եւ 6 միլիոն 996 հազար դրամի պայմանագիր էլ՝ «Մեգերյան կարպետ»-ի հետ։ «Արայ»-ի հետ պայմանագիրը ենթադրում է օդորակիչների, բարձրախոսների, պրոյեկտորի, նաեւ մալուխների, անջատիչների տեղադրման եւ այլ նմանատիպ աշխատանքների կատարում, իսկ «Մեգերյան կարպետ»-ն էլ պարտավորվում է տվյալ գումարի դիմաց իրականացնել բամբակյա հենքով ձեռագործ գորգի ձեռքբերում եւ տեղադրում, ինչպես նաեւ կառավարության շենքի նկարվածքով արույրե բարելիեֆի պատրաստում եւ տեղադրում։ Այս երեք պայմանագրերը միասին կազմում են 43 մլն 437 հազար 535 դրամ։
Ահա, այսպիսի խնայող ու տնտեսվար կառավարություն ունենք։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ