Կյանքը ցույց տվեց, որ մեկը դարձավ վարչապետ, մյուսը՝ քաղաքապետ

Կյանքը ցույց տվեց, որ մեկը դարձավ վարչապետ, մյուսը՝ քաղաքապետ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոց էին այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրանք մոտ մեկ ժամ կարգապահ աշակերտի նման նստեցին ու հանդիսատեսը եղան այն շոուի եւ ելույթների, որ պատրաստել էին դպրոցի աշակերտները՝ թերեւս հատուկ նրանց համար։ Փուչիկների բարեհաջող օդ բարձրանալուց հետո ելույթ ունեցան դպրոցի տնօրենն ու երկրի վարչապետը։ Տնօրեն Լուսինե Դանիելյանն իր շնորհավորական ուղերձում ճաճանչափայլ բառեր ասաց՝ դեռ 90-ականներից սովետական պաթոսով կարծրացած ու այդպես էլ չթարմացած բառապաշարով ուղերձ հղեց աշակերտներին, որը լսելուն պես մտովի տեղափոխվեցի իմ մանկության տարիները, երբ դպրոցական հանդես էինք կազմակերպում՝ անամպ երկնքի ու սպիտակ աղավնիների ֆոնին կենաց-մաղթանքներով։



«Թող ձեր մանկության անամպ երկնքում միայն սպիտակաթեւ աղավնիները ճախրեն եւ ձեր հոգիները լցնեն գեղեցիկ երազանքներով»,-ասված էր տիկին Դանիելյանի ուղերձում, մոտավորապես նույն ոճի մեջ՝ մի երկու «գեղատեսիլ-բնագիտական» բնույթի բառ ավել կամ պակաս։ Ավելի պրագմատիկ եւ ռեալիստական գտնվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, ի զարմանս շատերի եւ հակառակ դպրոցի տնօրենի, ելույթ ունեցավ առանց թղթի, հանպատրաստից եւ բավականին սահուն ու վարժ հայերենով հստակ ու ռեալիստական մաղթանքներ հղեց դպրոցականներին։ Այնուհետեւ նրանք շրջեցին դպրոցում, իսկ վարչապետն էլ արանքում հասցրեց մեր մի քանի հարցերին պատասխանել։ Օրինակ՝ նա շատ լավ էր հիշում, որ մենք անցյալ տարի կրկին իրեն տվել ենք նույն հարցը՝ արդյոք լա՞վ է սովորել դպրոցում։ Եվ չզլացավ, նորից պատասխանեց, որ այո, շատ լավ է սովորել։ Սիրելի առարկաներն էլ եղել են մաթեմատիկան ու երկրաչափությունը։ Ահա այստեղ վարչապետը որոշեց մի փոքր գլուխ գովել իր մաթեմատիկական հմտությունների հարցում։



«Գիտես, չէ՞, ես երկնիշ թվերը կարողանում եմ բազմապատկել, օրինակ` ինձ հարցրու, թե ինչքան է լինում 45 անգամ 70»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Սակայն, երբ նրան հարցրինք արդյունքը, խորամանկորեն ցրեց․ «Մի օր կգաս մոտս, քեզ առանձին կասեմ»: Նկատենք, սակայն, որ երկնիշ թվերը բազմապատկել կարողացող վարչապետին երկնիշ տնտեսական աճ այդպես էլ չհաջողվեց ապահովել երկրում։ Ցավոք, տնտեսական աճը՝ երկնիշ թվերով, վաղուց մոռացված իրողություն է դեռ նախորդ վարչապետների ժամանակներից։
Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ելույթ չունեցավ եւ իր հռետորական ձիրքը չներկայացրեց դպրոցականների առջեւ, մեզ ասաց, որ իր սիրած առարկաները եղել են հայոց լեզուն, պատմությունն ու մաթեմատիկան։ Նա, սակայն, երբեւէ քաղաքապետ դառնալու երազանք չի ունեցել։ Իսկ ինչի՞ մասին է երազել։ «Գիտե՞ք, մանկական երազանքները միշտ հաճելի են լինում, բնականաբար, ոնց որ մյուս երեխաները, գրեթե ամեն ինչ երազել եմ, բայց կյանքը ցույց է տալիս՝ ով ինչ է դառնում»,-ասաց քաղաքապետը։



Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետ դառնալու երազանք չի ունեցել, թեպետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո, երբ ինքը նստեց վարչապետի աթոռին, շատերը հակառակն էին պնդում, որ վերջապես իրականացավ վարչապետի «մանկության երազանքը»։ Դեռ մանկուց «լավ երկիր ունենալու եւ ժողովրդին օգտակար լինելու», բայց ոչ երբեք վարչապետ դառնալու մասին երազող Հովիկ Աբրահամյանը, սակայն, հասուն տարիքում ավելի հավակնոտ անձնավորություն դուրս եկավ, քան մանկության տարիներին էր։ Ահավասիկ, երբ նրանք հարցրինք, թե իրեն որ պաշտոնում է պատկերացնում Սահմանադրության փոփոխությունից հետո, Աբրահամյանն ասաց, որ առայժմ վարչապետի պաշտոնում, եւ հավելեց․ «Ինչո՞ւ ոչ որ»։ Այսինքն՝ պարտադիր բարձր պաշտոնի՞ է հավակնում։ «Միայն բարձր պաշտոնի»,-հպարտորեն հայտարարեց վարչապետը։ Ի դեպ, նրան հարցրինք նաեւ՝ իրեն հաջողվե՞ց հաջողել տնտեսության հարցում, վարչապետը ստանդարտ պատասխան տվեց, որից պարզ չդարձավ, թե ինչ է մտածում՝ հաջողե՞ց, թե՞ չհաջողեց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ