Քաղաքագրություն. Ջուրը Երեվանում

Քաղաքագրություն. Ջուրը Երեվանում

Հնագույն ժամանակներից ի վեր Երեւանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ ջուր ունենալու հարցով։ Ճիշտ է նկատում Երվանդ Շահազիզը, որ Երեւանում եղած բնական ջրերը՝ Հրազդանի, Գետառի, Սյոգուտլուղ կոչված աղբյուրների, ինչպես նաեւ ջրհորների ջրերը, որ նրանք գործ են ածել խմելու համար, իրենց մեջ պարունակում էին առողջության համար վնասակար օրգանական նյութեր եւ խմելու համար, փաստորեն, պիտանի չէին։ Իզուր չէ, որ ուրարտական թագավորները հնագույն Երեւանի՝ Էրեբունիի համար ջրմուղ են անցկացրել ոչ թե Գետառի ստորին հոսանքից, որը շատ մոտիկ էր եւ տեղանքի տեսակետից դյուրամատչելի, այլ՝ Գեղամա լեռների հարավային վերջավորությունների լանջերից, որտեղից բերված ջուրը խմելու համար առաջնակարգ էր։ Հետագայում, երբ թշնամական հարձակումների պատճառով Էրեբունին անշուքանում է, խափանվում է նաեւ նրա ջրմուղը։ Ներկայիս Երեւանի կենտրոնական մասում հաստատված նրա բնակիչները ժամանակի ընթացքում հոգ են տանում խմելու լավորակ ջուր ունենալու համար։ Այդ են վկայում քաղաքի տարբեր մասերում հայտնաբերված՝ տարբեր ժամանակներին վերաբերող ջրմուղների մնացորդները։



Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին անհատներ գործնական քայլեր են կատարել նաեւ մեզ հետաքրքրող ժամանակներում։ Առաջին փորձն այդ ուղղությամբ կատարել է այլ առիթներով հիշատակված խոջա Գրիգորը, որը կրել է «Մոծակ» մականունը։ Հայսմավուրքի հիշատակարաններից մեկում, որտեղ թվարկված են նրա բարեգործությունները, նշվում է, որ նա մեկ քահրեզով ջուր է բերել Գետառից (Կըրխ-բուլաղից) մինչեւ Կաթողիկե եկեղեցի եւ քաղաք… Հիշատակարանն առաջին անգամ տպագրվել է 1909 թվականին, Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տեր-Գրիգոր Սուքիասյանցի կողմից «Эриванские объявления» թերթիկի այդ տարվա 16 եւ 17-րդ համարներում։ Գրիգոր Մոծակն իր այդ յուրակերպ մասնակի ջրմուղը կառուցել է 1652-1653 թվականներին։ Այն սկիզբ էր առնում Գետառից, անցնում էր Կաթողիկե եկեղեցու բակով եւ հասնում մինչեւ քաղաք։



Թե հատկապես գետի որ մասից էր սկսվում ջրմուղը, մինչեւ ուր էր հասնում կամ ինչքան ջուր էր տալիս, մեզ համար մնում է անհայտ։ Մեզ հավանական է թվում որոշ մասնագետների այն կարծիքը, թե վերջերս Երեւանի տարբեր մասերում հայտնաբերված հին ջրատար խողովակների մի մասը կարող են լինել նշված ջրմուղի մնացորդները։ Ընդհակառակը, անընդունելի է Երեւան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող Ա. Բաբայանի այն պնդումը, թե հայտնաբերված այդ խողովակներն իբր ոչ մի առնչություն չունեն նշված ջրմուղի հետ, եւ իբր Գրիգոր Մոծակը 1652 թվականին ջուրը բերել է միայն Կաթողիկե եկեղեցի եւ ոչ քաղաք, մինչդեռ հիշատակարանում պարզ ասված է. «Աղբիւր եբեր ՛ի Ղրխբուլաղի ջրէն՝ Կաթուղիկէի շրջապատի միջովն, հասոյց ՛ի մեջ քաղաքին կամարակապ կերպիւ»։



Սակայն անուղղակի տվյալները ցույց են տալիս, որ խոջա Գրիգորի անցկացրած ջրմուղը քաղաքի միայն մի փոքր մասին կարող էր բավարարել։ Քաղաքի մեծագույն մասը, մանավանդ Կոնդ թաղամասն իր շրջակայքով, հեռու էր գտնվում Կաթողիկե եկեղեցու բակից ու Շահար բերված այդ ջրից։ 1793 թվականին նույն Գետառից ագուգաներով ջուր է բերվում Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու բակը եւ այդտեղից բաշխվում քաղաքի այդ մասի տարբեր տեղեր։ Բավական միջոցներ եւ ժամանակ պահանջող այս ձեռնարկությունը կատարել են Երեւանի այժմյան հիմնական ջրմուղի կառուցման գործին այնքան ակտիվ մասնակցած Էմին Տեր-Գրիգորյանի պապերը՝ Տեր-Գրիգորյան եղբայրները։ Դրա կառուցման մանրամասները նկարագրված են եղել մի փաստաթղթում, որը կոչվում էր «Արձանագիր» եւ ամբողջությամբ տեղ է գտել Երվանդ Շահազիզի «Հին Երեւանը» աշխատության մեջ։



Երեւան քաղաքի պատմությունից