«Ամեն» ներկայացման պրեմիերան Վերոնայում

«Ամեն» ներկայացման պրեմիերան Վերոնայում

Սեպտեմբերի 29-ին Իտալիայի Վերոնա քաղաքի «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում տեղի է ունենալու «Ամեն» երաժշտական ծրագրի պրեմիերան, որն իր շուրջ է հավաքելու թե հայ եւ թե համաշխարհային աստղերի, մասնավորապես, համերգային ներկայացմանն իրենց մասնակցությունն են ունենալու L’Orchestra Sinfonica Dell’Instituto Musicale Peri-Merulo di Ռեջջո Emilia սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը` մաեստրո Ստեֆանո Ֆոնցիի ղեկավարությամբ (Իտալիա), «Բալետ 2021-ը» (Հայաստան), Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Ջուլիետ Գալստյանը, Ֆաբիո Կոնկատոն, Վարդուհի Խաչատրյանը, Ռոզի Անուշ Սվազիլյանը, Ֆաբրիցիո Բոսսոն, Սյուզի Փիրումյանը եւ շատ ուրիշներ։ Ծրագրի բեմադրիչն ու բալետմայստերն է Ռուդոլֆ Խառատյանը։ Ամբողջ ներկայացումը կազմված է լինելու մեկ ամբողջական երաժշտությունից, որի հեղինակն է Արաքսյա Մուշեղյանը։ 1 ժամ 40 րոպե տեւողությամբ համերգային ծրագիրն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում եւ նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 



Մեզ հետ զրույցում բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ «Ամեն» ներկայացումը պատմելու է հայ ժողովրդի պատմությունը՝ Հայկ Նահապետից, Աբգար թագավորից, Տիգրան Մեծից, քրիստոնեական շրջանից մինչեւ Հայոց մեծ եղեռն ու մեր օրեր։ «Ցույց ենք տալու մեր բոլոր նվաճումները, եկեղեցիները, մանրանկարչության դպրոցները, խաչքարերը, մեր մշակութային ժառանգությունը, այն, ինչ ունենք՝ սկսած շումերական ժամանակներից մինչեւ մեր օրեր, միաժամանակ՝ Հայաստանի բնությունը, Հռոմի հետ Հայաստանի կապերը։ Այդ ամբողջը ցույց կտանք թե երգերի միջոցով, թե պարերի եւ թե ամբողջ ներկայացման դրամատուրգիայի մեջ»,-նշեց նա, ապա նկատեց, որ Վերոնայում կայանալիք պրեմիերայից հետո ներկայացման պրոդյուսերներն ուզում են, որ համերգային ծրագիրը շրջի նաեւ այլ երկրներում։