Բորենիների դեմ պայքարն էլ կհաջողվի

Բորենիների դեմ պայքարն էլ կհաջողվի

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ նոր Սահմանադրությունն իսկապե՞ս երաշխավորում է իշխանության միջին օղակներում «բորենիների» զսպումը, որի մասին ամռանն Արմավիրում հայտարարել էր ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վահրամ Բաղդասարյանը խրոխտ պատասխանեց. «Ամեն ինչն է երաշխավորելու», եւ մեկ անգամ էլ հիշեցրեց ընդդիմությանը տրվելիք լիազորությունների մասին։ Իսկ «բորենիների» հարցո՞ւմ, կրկնեցինք հարցը։ «Ես չգիտեմ ինչ նկատի ուներ Գագիկ Հարությունյանը, դա կարելի է տարբեր մեկնաբանել, բայց որ նոր սահմանադրությունը նման բավականին կնճռոտ հարցերի պատասխան է տալիս դեպի ժողովրդավարություն, ես դրանում համոզված եմ՝ թե իշխանության տարանջատման սկզբունքի հետ կապված, թե քաղաքական փոքրամասնությունների լիազորությունների, թե բոլոր հարցերի»: Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանն ասել էր. «Ո՞վ չի ցանկանա, որ իր իրավունքներն ավելի պաշտպանված լինեն, լինի հստակ գործող արդարադատական համակարգ, իշխանությունն ունենա հանրային իրավական պատասխանատվություն իր գործունեության նկատմամբ։ Որքան այս խնդիրները հստակեցված չեն, նկատի ունեցեք, այնքան ավելի լավ իշխանության համար, որովհետեւ իշխանության հայեցողության սահմանները եթե հստակեցված եւ սահմանափակված չեն, մարդն ասում է՝ այս իշխանությունը տվեցիք ինձ, քանի որ հստակեցված չեն հայեցողության սահմանները, ինչ ուզեմ, ինչպես ուզեմ, այնպես կանեմ: Եվ շատ հաճախ ինչպես ուզում, անում են, իշխանության տարբեր մակարդակներում»։ Գ. Հարությունյանը նշել էր, որ վերին էշելոններում առավել զգաստ են. «Բայց միջին օղակներում, ես, կներեք, շատ հաճախ կոպիտ բառ եմ օգտագործում, ասում եմ՝ բորենիների համաստեղություն է ձեւավորվում»: