Մեկնարկել է «Գրական տապան 2015» միջազգային փառատոնը

Մեկնարկել է «Գրական տապան 2015» միջազգային փառատոնը

Մեկնարկել է ամենամյա «Գրական տապան - 2015» միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 21-29-ը։ «Գրական տապան»-ի այս տարվա կարգախոսն է․ «Խոսքը` հանուն կյանքի»։ Փառատոնին մասնակցում է 40 գրող՝ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրից․ Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա։ Մասնակիցները փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու նաեւ Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ: 



«Գրական տապան» փառատոնի բովանդակային համակարգող Դավիթ Մաթեւոսյանը նշեց, որ գրողներն այն մարդիկ են, ովքեր իրենց խոսքով, գաղափարով կարող են եթե ոչ փոխել աշխարհը, ապա գոնե հղկել, ճշմարտությանը մոտ եւ պակաս ողբերգական դարձնել ողջ անցուդարձը, որ աշխարհում տեղի է ունենում։ Ըստ նրա, գրական կյանքը բոլոր երկրներում ապրում է մի բանով․ «Իրենք կան եւ գրող են հանուն ճշմարիտ խոսք ասելու, դա է գրական կյանքի էությունը, ուրիշ հարց՝ պետությունն ինչպես է գրական կյանքին արձագանքում, գրական կյանքը խրախուսում, ինչպես է կապեր ստեղծում իր եւ դրսի գրողների միջեւ։ Մենք այդ հարցում նոր ենք սկսում, թերացումներ ունենք եւ հսկայական աշխատանք ունենք անելու, որովհետեւ այն գրականությունը, որ մենք Հայաստանում ստեղծում ենք, կարող է թվալ լավ կամ վատ, ճաշակով կամ անճաշակ, բայց այդ գրականության մի զգալի մասը միջազգայնացման արժանի գրականություն է, եւ այդ հարցում մենք թերանում ենք»։



Այս տարվա փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին: «Գրական տապան - 2015» փառատոնը կներառի նաեւ գրքերի շնորհանդեսներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Յոկե վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Վարուժան Ոսկանյան` «Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ եւ վարպետության դասեր։