Ինչպե՞ս է ՀՅԴ-ն համոզում ժողովրդին՝ կողմ քվեարկել Սահմանադրությանը

Ինչպե՞ս է ՀՅԴ-ն համոզում ժողովրդին՝ կողմ քվեարկել Սահմանադրությանը

Բնական է, որ մենք կողմնակից ենք, որ քարոզարշավը լինի խաղաղ և՛ այո-ի, և՛ ոչ-ի կողմնակիցների համար հավասար, և մեզ համար շատ-շատ կարևոր է, որ իսկապես հանրաքվեն անցկացվի հնարավորինս առավելագույնս ազատ, արդար և թափանցիկ, ինչպես նաև հնարավորկինս վստահության մթնոլորտում դա տեղի ունենա։



Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ իրենք առանձին քարոզչություն են անելու, որևէ այո ասողի հետ չեն միանալու, և ունենալու են հանդիպումներ հանրապետության ամբողջ տարածքում։ Առաջիկայում էլ պատրաստվում են մեկնել Տավուշի մարզ՝ տեղի բնակչության հետ հանդիպման։



Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս են պարզ, մատչելի լեզվով բացատրում հասարակ քաղաքացիներին, թե ինչու պետք է կողմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, պարոն Վարդանյանն ասաց, որ իսկապես պարզ մատչելի համոզելու խնդիր կա։



«Բայց ես Ձեզ երաշխավորում եմ, որ մեր կուսակցության մեջ էլ պարզ հասարակ մարդիկ են, մենք հերթով առկա իրավիճակն ենք գնահատում, առկա իրավիճակից ստեղծած պրոբլեմները, որոնց մասին խոսել ենք բազմիցս, և որոնց մասին հստակ և ճշգրիտ գրված է նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, թե մենք այսօր ինչ պրոբլեմներ ունենք։ Նորից եմ ուզում հիշեցնել՝ նախագահի անսահմանափակ լիազորություններ և զրոյական պատասխանատվություն, ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտություն, ոչ միայն ստվերային տնտեսություն և ստվերային քաղաքականություն, արդարադատության համակարգի կախյալություն, և այլն, և յալն։ Մենք ունենք էս համակագը։ Հետո դնում համեմատում ենք՝ ինչ է բերելու հաջորդը, բերելու է որոշումների շատ ավելի թափանցիկ կայացում, իշխաբությա ապակենտրոնացում բերելու է ընդդիմության դերակատարության էական բարձրացում, և այլն և այլն»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենք ասում են նաև, որ Սահմանադրութւոնն ունի նաև էական նշանակություն մարդու առօրյա կյանքում։ Այդ տարբերությունն, ըստ նրա, մարդիկ տեսնում են։



Մեր մյուս հարցին՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքերում ապրող բնակիչն, օրինակ, ով լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, այդ ամենը խորությամբ ընկալում և տարբերությունն զգու՞մ է, որ նոր Սահմանադրությունն իր կյանքը կփոխի դեպի լավը, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց․ «Մենք հաճախ ենք շփոթում երկու բան․ սա նաև այն փաստաթուղթն է, որ նույնիսկ բավական քաղաքականացված, իրազեկված մարդիկ դժվարությամբ են այդ խորությունները հասկանում։ Ակնկալել, որ ամբողջ հասարակությունը, յուրաքանչյուր քաղաքացի մինչև վերջ պատկերացնելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ճիշտ չէ»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ