ՕԵԿ-ում մի կերպ են խոսում իշխանափոխության մասին՝ ասես վախենալով

ՕԵԿ-ում մի կերպ են խոսում իշխանափոխության մասին՝ ասես վախենալով

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ ՕԵԿ-ը իշխանափոխության հույս, ակնկալիք ունի՞ Սահմանադրության փոփոխություններից հետո։



Շահգելդյանը, սակայն, ինչ-որ անորոշ, անհասկանալի պատասխան տվեց, որում ավելի շատ վախվորած, խուսափողական երանգ նկատվեց, քան ընդդիմադիր քաղաքական ուժի վստահ դիրքորոշում, որ պետք է իրականացնել իշխանափոխություն։ «Սահմանադրության փոփոխությունից հետո, բնականաբար, իշխանափոխության կամ փոփոխություններն իրականացվում են ընտրություններով։ Դրա համար մեր կարևորագույն խնդիրը, և կարծում եմ՝ նաև մեր հասարակության մեջ կարևորագույն խնդիրը պետք է լինի ընտրական գործընթացներին առավել ակտիվ մասնակցելը»։



-Օրակարգայի՞ն հարց է իշխանափոխությունը ՕԵԿ-ում։



-Օրակարգայի՞ն։ Մեր խնդիրը... մենք միշտ ասել ենք՝ ընտրությունները կգան, մենք, բնականաբար, պայքարելու ենք տեղ ունենալու համար։ Թե ինչպես կլինեն որոշումները, միանշանակ... իսկ խնդիրը հետևյալն է՝ իշխանափոխություն միշտ պետք է, որովհետև անհրաժեշտ են թարմ մոտեցումներ և թարմ սկզբունքներ։



-Ընտրություններով ՕԵԿ-ը իշխանության ղեկը ստանձնելու հավակնություն և ցանկություն ունի՞, թե՞ ոչ։



-Այն կուսակցությունը, որը ռեալ և ամուր դիրքեր ունի քաղաքական դաշտում, իհարկե այդպիսի նպատակներ հետապնդում է, այդ թվում նաև ՕԵԿ-ը։ Բայց այստեղ Դուք խոսւոմ եք միայն ՕԵԿ-ի մասին, ես ասում եմ՝ մենք ձևավորել ենք միավորում, թե ինչպես կգնանք ընտրությունների, սա որոշելու հարց է։



-Հիմա ՕԵԿ-ը կամ այդ միավորումն ունի՞ ռեսուրսներ, ամուր դիրքեր։



-Սեփական կառույցներ, մարդիկ, կազմակերպվածություն, փող, ինտելեկտուալ պոտենցիալ, այո, ունենք։ Մենք մեծ մասով մշտապես հենվում ենք դրա վրա։



-Այսինքն՝ պատրա՞ստ եք գնալ իշխանափոխության։



- Ես Ձեզ նորից եմ ասում՝ ինչպես կլինեն արդյունքները, դա կորոշի արդեն ժողովուրդը։ Մենք ունենք այսօր բավականաչափ կազմակերպչական ռեսուրսներ, մարդկային, ինտելետուալ...



-Նախագահի թեկնածու ունե՞ք։



-Սպասեք սահմանադրական փոփոխությունները լինեն, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում, մի հատ հասկանանք՝ անցնում են, չեն անցնում, հետո նոր կկարողանանք ասել։ Իսկ ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին, ես Ձեզ ասում եմ որպես մարդ՝ մարդկային տեսնակյունից և որպես քաղաքական գործիչ և որպես ՕԵԿ փոխնախագահ, իհարկե ես համոզված եմ, որ Արթուր Բաղդասարյանը՝ որպես մեր կուսակցության նախագահ, ունի բավականաչափ և՛ ինտելեկտուալ պոտենցիալ, և՛ կազմակերպչական, և՛ անցած ճանապարհ նախագահի թեկնածու լինելու համար։ Միաժամանակ մենք պետք է տեսնենք և հասկանանք՝ ինչպես են ընթանալու սահմանադրական բարեփոխումները, դա թող մեր քաղաքացիները որոշեն։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ