«Ոչ»-ի համակարգող խորհուրդներ կստեղծվեն

«Ոչ»-ի համակարգող խորհուրդներ կստեղծվեն

«Չեք անցկացնի» նախաձեռնության համակարգող Դավիթ Հովհաննիսյանն ասում է, որ հոկտեմբերի 30-ից սկսվելու է «ոչ»-ի քարոզարշավը։ «Այդ օրը ամբողջական ծրագիրը կներկայացվի, եւ բոլորը կիմանան, թե ինչպես պետք է պայքար մղեն սահմանադրական փոփոխությունների դեմ։ Մինչ այդ նախաձեռնությունը դիմել է մի շարք խմբակցությունների, որպեսզի նրանց հետ միասին ստեղծեն համակարգող խմբեր։ «Ըստ երեւույթին, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի հետ միասին մարզերում կստեղծենք կոորդինացնող խմբեր, որտեղ կընդգրկվեն «ոչ» ասողները»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ համակարգող խմբերի մեջ ընդգրկվելու են բոլոր ձեւավորված շտաբները եւս։



Իսկ մինչ այդ գործընթացը քննարկումների փուլում է։ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը պատրաստվում է հոկտեմբերի 30-ին տեղի ունենալիք հանրահավաքին. «Արդեն սկսելու ենք մարզային այցելությունները, լինելու ենք Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, իսկ Երեւանում անցկացնելու ենք իրազեկման ակցիաներ»։ Նա վստահեցրեց, որ հոկտեմբերի 30-ին կարեւոր որոշում է ընդունվելու, որից էլ կախված կլինի հանրաքվեի ճակատագիրը. «Հոկտեմբերի 30-ին պետք է վերջնական որոշումներ ընդունվեն, այդ որոշումից հետո իրավիճակ է փոխվելու, շարժումը նոր թափ է ստանալու»։ «Չեք անցկացնի» նախաձեռնության համակարգողն ասում է, որ առանձին-առանձին պայքար չկա, բոլորն էլ միասին պայքարում են, բացի այդ, տարբեր ֆորմատներ են ստեղծվում, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է պայքարը լինում։ «Ամեն մի խումբ իր առաքելությունն ունի այս գործընթացում»։ Իսկ դեկտեմբերի 6-ին բոլորը միասնական գնալու են քվեարկության եւ «ոչ» են ասելու։ ««Ոչ» ենք քվեարկելու եւ պաշտպանելու ենք այդ ձայները տեղամասերում»։