Մեր կյանքն արդեն շոու է

Մեր կյանքն արդեն շոու է

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ռեալիթի շոու կհեռարձակի՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Շոուի իմաստն այն է, որ 20-22 օր շարունակ, ճանապարհորդելով ողջ Հայաստանով, «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներն ուղիղ եթերում օրական 10-12 ժամ քարոզարշավ իրականացնեն:



Երեկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գաղտնազերծեց, որ հաղորդումը հենց ինքն է վարելու: Նա Ֆեյսբուքով կոչ է արել բոլոր այն քաղաքական ու հասարակական ուժերին եւ դեմքերին, ովքեր հանդիսանում են շահագրգիռ կողմ Սահմանադրության փոփոխությունների կամ անփոփոխ մնալու հարցում, մասնակցել հաղորդմանը:



Մեր տեղեկություններով, «ոչ» ասող խորհրդարանական ընդդիմադիրներն այնքան էլ հակված չեն մասնակցելու «իշխանական» հեռուստատեսության նախաձեռնած հաղորդմանը, մանավանդ որ «Արմնյուզը» ՀՀ ամբողջ տարածքով չի հեռարձակվում: Ամենակարեւորը՝ ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ իրենց առջեւ «արգելքներ» կսահմանվեն: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը երեկ մեզ ասաց, որ դեռ քննարկում են շոուին մասնակցելու հարցը. «Այսօր-վաղը մեր որոշումը կներկայացնենք»: ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը նույնպես ասաց, որ դեռ որոշում չունեն: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ցանկացած հնարավորություն պետք է փորձի օգտագործել: Եթե հնարավորություն կա, որ հասարակությանը կարող ենք տեղեկացնել մեր դիրքորոշումը, դա միայն դրական է, բայց միեւնույն ժամանակ կարեւոր եմ համարում, թե ինչպիսի ֆորմատ կլինի․ եթե պիտի միայն «այո»-ի կողմնակիցները մասնակցեն, ապա դա չաշխատող ֆորմատ է, եւ այդ առումով մենք կտեսնենք, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում, որից կախված կլինի նաեւ մեր դիրքորոշումը»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը չի մասնակցելու․ «Քիչ է իրական կյանքում ռեալիթի շոուի մեջ ենք ապրում, մի հատ էլ հատուկ գնանք-մասնակցենք»: