Հա՛մ խնայողություններից է խոսում, համ փող է ուզում

Հա՛մ խնայողություններից է խոսում, համ փող է ուզում

Այսօր Ազգային ժողովում 2016թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասաց, որ եկող տարի պետբոյւջեից Ազգային ժողովին կհատկացվի 4 միլիարդ 653 միլիոն 833 հազար դրամ «2016թ. բյուջեն 2015թ. համեմատ ավելացել է 106 միլիոն 161 հազար դրամով կամ 2.3 տոկոսով: 822 հազար դրամ ավելացել է միջազգային կազմակերպությունների անդամակցության վճարների ծրագրով, 43 հազար դրամ ավելացել են էներգետիկ ծառայությունների գծով, որը կապված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, 34 միլիոն դրամ ավելացել է կապված աշխատանքի վարձատրության հետ, որը պայմանավորված է պետական պաշտոն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի բնականոն աճի հետ»,- ասաց նա։ 



Ըստ Թովմասյանի՝ 2016թ. պետական բյուջեից Ազգային ժողովին հատկացվող գումարից «Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման» ծրագրով կտրամադրվի 4 միլիարդ 407 միլիոն, «Վարչական օբյեկտների հիմնանորոգման» ծրագրով՝ 90 միլիոն, «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության» ծրագրով՝ 155 միլիոն դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման« ծրագրով՝ 1 միլիոն 272 հազար դրամ: Այս ամենը, սակայն, չբավարարեց Հրայր Թովմասյանին, ով մի կողմից խոսում էր խնայողությունների մասին, մյուս կողմից՝ էլի փող էր խնդրում պետբյուջեից։



Նա լրացուցիչ ևս 300 միլիոն դրամ խնդրեց, որպեսզի կարողանան ապահովել աշխատակազմի պատշաճ աշխատանքը։ Թովմասյանի խոսքով՝ ԱԺ-ում դեռ աշխատում են բարոյապես ու ֆիզիկապես մաշված համակարգիչներով, որոնց մի մասը 90-ականների Pentium 3-ներ են, և դրանք թարմացնելու համար անհրաժեշտ է 70 միլիոն դրամ։ ԱԺ-ում գործող պետական պահպանության գումարտակին հատկացված տարածքի վերանորոգման համար էլ Թովմասյանը խնդրեց 20 միլիոն դրամ և այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ՝ 300 միլիո դրամ։



Ելույթից հետո Hraparak.am-ի հարցին, թե ինքը և՛ խնայողություններից է խոսում, և՛ լրացուցիչ գումար է խնդրում, արդյոք հնարավոր չէ՞ այլ միջոցներով խնայողություններ կատարել, որպեսզի լրացուցիչ գումարի կարիք չառաջանա, Թովմասյանն ասաց․ «Որքան հնարավոր է՝ կատարվել են»։ Իսկ այն, որ շատ է խոսվում գործուղումների մասին, որ դրանց մեջ անիմաստ գործուղումներ շատ են կատարվում, աշխատակազմն է անիմաստ գործուղումների մեկնում, Թովմասյանը հարցից խուսափելու համար սկսեց օրինակներ պահանջել, ապա նշեց․ «Ո՞ր գործուղումները։ Աշխատակազմը հատուկ առանձին գործուղման չի գնում, աշխատակազմը գնում է այդ գործուղումներին համապատասխան պատվիրակությունների կազմում, որպեսզի ապահովի պատվիրակությունների լիարժեք գործունեությունը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ