Ո՞վ պիտի փող տա, որ սոցհարցում անեն

Ո՞վ պիտի փող տա, որ սոցհարցում անեն

Ամենատարբեր հարցերում իշխանության թիկունքը պահող այս կամ այն սոցիոմետր կազմակերպությունների «աջակցությունը» սահմանադրական փոփոխությունների հարցում կարծես չի նկատվում: Հարցումներ չեն արվում, թերեւս միակ հարցումն իրականացրել է Gallup International միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական ներկայացուցչությունը՝ մայիսին: Արդյունքները հրապարակվել են հուլիսի վերջին:



Երեւանում եւ մարզերում անցկացված հարցումների արդյունքներով՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելուն», ամենատարածված պատասխանը եղել է «դժվարանում եմ պատասխանել»-ը (32 տոկոս): Հարցվածների 16 տոկոսն այդ հարցին պատասխանել է «լրիվ բացասական», 28 տոկոսը՝ «ավելի շուտ՝ բացասական», 21 տոկոսը՝ «ավելի շուտ՝ դրական», եւ 3 տոկոսը՝ «լրիվ դրական»: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե ընկերությունը, խոստման համաձայն, եւս մեկ հարցում առաջիկայում անելո՞ւ է, թե՞ ոչ:



Մինչդեռ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հոդվածում ուշագրավ տեղեկություն էր հայտնել այն մասին, որ իշխանությունների «անճարակ քարոզչությունն արդեն իսկ կատարելապես տապալված կարելի է համարել, ինչի վկայությունն է այն, որ նույնիսկ իշխանությունների կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների առայժմ գաղտնի պահվող արդյունքների համաձայն, ներկա պահի դրությամբ Հայաստանի բնակչության շուրջ երեք քառորդը դեմ է սահմանադրական փոփոխություններին»։



Երեկ, երբ փորձեցինք Սփյուռքում գրանցված մի շարք սոցիոլոգիական ընկերությունների հեռախոսահամարներով կապ հաստատել ու ճշտել հարցումներ անցկացնելու մասին, որեւէ ընկերության հեռախոս չպատասխանեց: Սոցիոլոգիայի ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի մասին էլ գրասենյակից հայտնեցին, որ զբաղված է: Միակ հասանելին իշխանությունների սիրելի «Սոցիոմետր» կազմակերպության ղեկավար Ահարոն Ադիբեկյանն էր:



Ադիբեկյանն ասաց, որ իրենք նոյեմբերի սկզբին նախնական հարցում են անցկացրել 55 համայնքների 3 հազար 300 բնակիչների շրջանում, վերջնականն էլ են արդեն արել, բայց արդյունքները կհրապարակեն երկու-երեք օրից։ «Նախնական հարցումներով պարզել ենք, որ ընտրողների 66 տոկոսը դեռ որոշում չի կայացրել, մնացածի էլ մի մասը կողմ է, մյուսը՝ դեմ: Բայց քանի որ այդ 66 տոկոսը դեռ անորոշության մեջ է, մենք արդյունքները չենք հրապարակել, որ կռիվ չգցենք երկու ճամբարներում, մինչեւ քարոզարշավն ավարտվի: Հիմա վերջնական հարցումները ցույց կտան, թե ովքեր են լավ աշխատել, դրա համար նախնական թվեր չենք գրում, որ մի պրիդուռըկ չասի՝ Ադիբեկյանը մի ամիս առաջ էս թիվն էր ասում, հետո՝ լրիվ ուրիշ թիվ, որի՞ն հավատանք»,- ասաց Ադիբեկյանը:



Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի վկայակոչած ցուցանիշներին՝ Ադիբեկյանն շտապեց գաղտնազերծել, որ իր հարցումների տվյալների հետ դրանք չեն համապատասխանում. «Բայց կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի՝ «ոչ»-ի ճակատում կանգնելու փաստը միայն օգուտ է բերելու իշխանություններին. նրան շատերը չեն սիրում եւ, հակառակ նրա կարծիքի, իշխանությանը ձայն կտան: Ճիշտ կլիներ լռել»։



Ադիբեկյանի ինֆորմացիայով, «Գելափից» բացի, այլ ընկերություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցում չի իրականացրել. «Ո՞վ պիտի փող տա, որ իրականացնեն, Լեւո՞նը պիտի տա, թե՞ Արթուր Բաղդասարյանը, ո՞վ կտա... թե՞ Լեւոն Զուրաբյանը»: Իսկ ո՞վ էր Ձեզ փող տվել։ «Հլը որ՝ ոչ ոք, մենք աշխատանքի միջազգային կազմակերպության համար մի հետազոտություն էինք անում, քանի որ տրանսպորտն իր հաշվին է, անկետաներն էլ այնքան փող չարժի, արեցինք: Կարող է մեր հարցումը մեկին վաճառենք»: Իսկ դա թա՞նկ կնստի հակադիր ճամբարի վրա։ «Բացարձակ, եթե գաս մոտս, մի երկու բան քեզ ցույց կտամ, որ էլ նման հարցեր չտաս»: Ադիբեկյանն այնքան նեղսրտեց, որ հիշեց իր առաջին պատվերը՝ Կոմկուսից է եղել. «Բայց ես ասեցի՝ պարտվելու եք»։



Երկրորդն էլ՝ ՀՅԴ-ից. «Իրենց էլ նույնն ասացի»։ «Եթե չորս կուսակցություն են մասնակցում, պարզ է, որ մեկը պիտի հաղթի, մնացած երեքը շուռ են գալիս՝ ասում, որ Ադիբեկյանը ծախված է։ Միշտ է այդպես եղել»։