Եթե Ձեզ թվում ա, որ մենք ինտելեկտ չունենք, դուք սխալվում եք

Եթե Ձեզ թվում ա, որ մենք ինտելեկտ չունենք, դուք սխալվում եք

Դեկտեմբերի 6-ի վաղ առավոտից Էրեբունի վարչական շրջանում ընտրակաշառք բաժանելու մասին ընտրողների բազում ահազանգերի, գողականների կուրացիայի եւ այլ հարցերի մասին «Հրապարակ»-ը զրուցեց Էրեբունուց մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հետ:



-Պարոն Սեդրակյան, այսօր վաղ առավոտից ահազանգեր էինք ստանում, որ Էրեբունիում ընտրակաշառք է բաժանվում, որը կապում էին Ձեր անձի հետ:



-Եթե փող են բաժանում, թող բռնեն, դրանք ախմախ խոսակցություններ են:



-Պարոն Սեդրակյան, նույնիսկ թվեր էին ասում, որ հանրաքվեի համար ուղիղ 70 միլիոն դրամ եք բաժանել:



-Տո, մեկը լինի ինձ տա նման գումար, ես փող ունե՞մ: Չկա այդպիսի բան, եթե կա, թող իրավապահները զբաղվեն: Ընդհանրապես Էրեբունիում ես առանձնապես ակտիվ չեմ:



-Ինչո՞ւ, ընտրությանը չե՞ք մասնակցել:



-Մասնակցել եմ եւ ընտրել եմ հանուն հայրենիքի, բայց կրկնում եմ ես մեր համայնքում այնքան էլ ակտիվ չեմ, որովհետեւ մեր համայնքն է, ոնց որ մենք նախօրոք մեր հարցերը մեր ժողովրդի հետ լուծում ենք, էլի, ու ակտիվանալու կարիքը չկա: Հիմա մի հատ հրահանգում ենք ու ամեն ինչ նորմալ իր հունով գնում է: Իսկ էդ փող բաժանելը ստից խոսակցություններ են:



-Պարոն Սեդրակյան, անգամ տեղեկություններև տարածվեցին, որ ոչ միայն Էրեբունիում եք քարոզչություն արել, այլեւ Գյումրի եք մեկնել: Գյումրիում ձեր աշխատանքների ու գողականների հետ հանդիպումների մասին մամուլը գրեց, մասնավորապես, որ դաշնակցել եք քրեական հեղինակություն գյումրեցի Զապի հետ:



-Ուրեմն Զապը կապ չունի նման բաների հետ, Զապն իր մասնագիտությամբ իրավունք չունի, ինքը չի արել ոչ մի բան: Իրանք չեն խառնվում, իրանց չի կարելի մտնել էդ կարգի բաների մեջ: Իսկ եթե ես գնացել եմ… բա օպոզիցիան ինչի՞ ա գնում, ես պիտի գնամ իմ «այո»-ի ոնց որ ասած գովքը անեմ, դա բնական է. ես ԱԺ պատգամավոր եմ, գնում-բացատրում եմ, ով ոնց կուզի, թող քվեարկի:
Ամեն դեպքում նույն Զապը, ես, եթե գտնում ենք, որ ճիշտը սա է, ասում ենք, որ ճիշտը սա է, գնացեք ու սենց արեք:



-Հիմա Ձեր ճիշտը Այո՞-ն էր, կբացատրեք՝ ինչո՞ւ էր ճիշտ:



-Ես գտնում եմ այդպես է:



-Կմանրամասնե՞ք՝ ինչու է ճիշտ:



-Կհանդիպենք, շատ մանրամասն կներկայացնեմ:



-Իսկ Գյումրու հետ ձեր կապը որն է, Շիրակը տեղական իշխանություններ ունի, այնտեղից ընտրված պատգամավորներ, իրենք չէին կարողանո՞ւմ…



-Իրենք էլ են երեւի կարողանում, բայց քանի որ ես մի քիչ հին մարդ եմ, իմ կապերն էլ շատ-շատ է, իմ կարծիքով ես չեմ արել էնպես, որ ամբողջ Հայաստանում մի տարածք լինի, որ ինձ չընդունեն եւ չհարգեն: Ես գնում եմ ու ինձ հարգում են հին տղերքը, նոր տղերքը, հետո ես բացատրում եմ այն, ինչ որ կա, ես ընենց բառեր չեմ օգտագործում, մատչելի եմ խոսում ու իմ ասածը հասնում է բոլորին, երեւի իմ մոտ ստացվում ա ասելը:



-Իսկ որ շրջանակներում եք ասել՝ գողականների՞, թե՞ առհասարակ:



-Ընդհանրապես ռայոններում, ամեն տեղ, որտեղ, որ համարել եմ, որ պետք է գնալ, գնացել եմ: Պետք է ուղղակի ժողովրդի հետ իր լեզվով շփվել: Ու քանի որ իմ կապերը մենակ Էրեբունիում չէ, այլ ամբողջ հանրապետությունում, բնական է, եթե մեկը քեզ հարգում, վստահում ա, ինչ ասես անելու ա: Իսկ եթե մարդը գտնում է, որ էս ամեն ինչը իրան պետք չի, թող չանեն, չենք նեղանա:



-Պարոն Սեդրակյան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարում էին, որ հանրաքվեն կենաց-մահու հարց չէ իրենց համար, բայց փաստորեն Ձեզ Գյումրի «գործուղեցին», ի՞նչ փոխհատուցում են խոստացել իշխանությունները Ձեր աշխատանքի դիմաց:



-Էն որ ասում են՝ քանի սաղ ենք, իրար պարտք ենք, ընենց չի, որ…ես հազար տարվա ընկերներ ունեմ, գնացել եմ, տեսել եմ, խոսացել ենք:



-Իսկ հաջորդ խորհրդարանում մանդատ ունենալու երաշխիքներ չե՞ք ստացել:



-Ես նման խնդիր չունեմ, գիտեք, թող որոշեն էլի, մեր ղեկավարությունը առողջ մտածելակերպ ունի եւ ինքը կորոշի, եթե պետք լինեմ՝ ինձ կտանեն, եթե ոչ, չեն տանի:



-Որովհետեւ խորհրդարանական կառավարման համակարգը պահանջում է ինտելեկտուալ խորհրդարան:



-Եթե Ձեզ թվում ա, որ մենք ինտելեկտ չունենք, դուք սխալվում եք: Օրինակ դու իմ նման ընկեր կուզենաք, թե՞… չեմ ուզում օրինակ բերեմ:



-Բերեք, որ կարողանամ պատասխանել:



-Գիտես, մարդ պիտի նորմալ մարդ լինի, պարտադիր չի ակադեմիաներ ավարտած լինի, ակադեմիկոս ու ասպիրանտ լինի, եթե մարդու վրայից մարդու հոտ չի գալիս, ի՞նչ մարդ: Յուրաքանչյուր կին ուզում է, որ իր ամուսինը լինի տղամարդ տղա, եթե դրանց ա ընտրում, ուրեմն ուղեղից հատ է գնացել:



-Պարոն Սեդրակյան, վաղ առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր են ստացվում, ինչո՞վ է կարեւոր նոր Սահմանադրության ընդունումը, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որ չտապալվի հանրաքվեն:



-Գիտեք, ես հստակ գիտեմ, որ նախագահը հատուկ կարգադրել է, որ խախտումներ չլինի, իսկ ժողովուրդը իմ կարծիքով «այո» է ասելու, որովհետեւ շատ հարցեր կա, որ «այո»-ն ճիշտ ա, իսկ նախագահի խիստ հանձնարարականը տեսաք․ հանրաքվեից առաջ մեկը գնաց քննչական, Կենտրոնի աշխատակցի մասին է խոսքը, ինքն արեց էս ամենը, որ բոլորը ձգվեն: Բայց ես համոզված եմ, որ «այո»-ն հաղթելու է: