ՀՀԿ-ն հայտնվել է իր փորած փոսում

ՀՀԿ-ն հայտնվել է իր փորած փոսում

Իշխանությունը սահմանադրական հանրաքվեն հորով-մորով է արել, բայց կանգնել է էլ ավելի դժվարին՝ Ընտրական օրենսգիրքը փոխելու խնդրի առջեւ: ՀՀԿ որեւէ պատգամավոր այս պահին ոչինչ չի կարողանում հայտնել մի գործընթացի մասին, որը սարերի հետեւում չէ:



Կառավարությունում, մինչդեռ, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, նոր տարվա սկզբին խորհրդարանում կստեղծվի ԸՕ փոփոխություններով զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի օրենսգրքի մշակման աշխատանքներով, ԸՕ-ի պահանջով՝ այնտեղ փոփոխություններ կարելի է կատարել համապետական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, հետեւաբար, առնվազն մինչեւ եկող տարվա մայիս փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Խորհրդարանական հանձնաժողովը ձեւավորված կլինի ըստ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության, ինչը նշանակում է, որ հանրապետականները հանձնաժողովում ավելի մեծ ներկայացվածություն կունենան, հետեւաբար, կկարողանան անցկացնել ցանկացած առաջարկ կամ հակառակը:



Իշխանությունն այս պահին գլուխ չի հանում, թե համամասնական ընտրակարգի հատկապես որ տարբերակին պետք է նախընտրություն տալ, որպեսզի եւ «գայլերը կուշտ լինեն, եւ ոչխարները՝ ողջ»: Միանշանակ է, որ դասական համամասնական ընտրակարգը փոփոխությունների օրակարգում չի էլ քննարկվելու, որի դեպքում ընտրողները գնում եւ քվեարկում են իրենց նախընտրած կուսակցության օգտին՝ այդկերպ որոշելով, թե որ կուսակցությունը քանի տոկոս եւ քանի մանդատ պետք է ստանձնի խորհրդարանում: Այս ընտրակարգի դեպքում իշխող ՀՀԿ-ն առնվազն կվտանգի իր վերարտադրության հարցը: Քննարկման օրակարգում է ռեյտինգային քվեարկության մոդելը, որի դեպքում ընտրողն իր քվեով որոշում է ոչ միայն, թե որ կուսակցությանն է ձայն տալիս, այլ նաեւ՝ թե տվյալ կուսակցության ցուցակից կոնկրետ ում:



Այս մոդելն էլ մի քանի տարբերակով է քննարկվում, ամենահավանականը «ռեգիոնալ» տարբերակն է, որը ենթադրում է Հայաստանի մարզային եւ մայրաքաղաքային ընտրատարածքներում առանձին-առանձին ցուցակների ներկայացում: Այսպես հնարավորություն կլինի տարբեր տարածքային հեղինակությունների վրա ձայն բերելու հստակ պարտավորություններ դնել, որը կաշխատի թե իր թեկնածության, թե կուսակցության ցուցակի օգտին: Բայցի նրանից, որ ոչ իշխանական ուժերի համար այս ընտրակարգը խիստ անցանկալի է, քանի որ, ի տարբերություն ՀՀԿ-ի, նրանք չունեն տոկոս խփող հեղինակություններ, իշխանությունն ինքն էլ մի շարք հարցերի պատասխաններ չի գտնում. նախ ինչպես են հաշվարկելու ձայները ոչ միայն ցուցակի առաջին, այլեւ հաջորդ տեղերի դեպքում, բացի դրանից, այս մոդելը կարող է ներկուսակցական թշնամանքի հող նախապատրաստել, ցուցակում ընդգրկվածները միեւնույն ընտրատարածքում կարող են պայքարել իրարից ձայն փախցնելու համար:



Հակասահմանադրականության խնդիր կարող է առաջ բերել նաեւ ազգային փոքրամասնությունների՝ նոր խորհրդարանում ներկայացվածության հարցը:
Փոփոխված Սահմանադրության նախագծով առաջարկվում է խորհրդարանում պատգամավորական տեղեր հատկացնել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ ԱԺ-ում ներկայացված են լինելու, մասնավորապես, Հայաստանում գործող երեք ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ռուսներ, եզդիներ, ասորիներ: Սահմանադրության մեջ հստակ ամրագրված չէ, թե ինչպես պետք է հարցը կարգավորվի Ընտրական օրենսգրքով: Սա չափազանց վիճելի դրույթ է, քանի որ ինչպե՞ս պետք է ԸՕ-ն ստիպի, որ որեւէ կուսակցություն իր ընտրական ցուցակ վերցնի ազգային փոքրամասնության որեւէ ներկայացուցչի: Կամ ճիշտ հակառակը՝ չի բացառվում, որ փոքրամասնության որեւէ ներկայացուցիչ ցանկություն չունենա այս կամ այն կուսակցության ցուցակ ընդգրկվել: Քննարկվում է հետեւյալ տարբերակը, որ այդ համայնքներում առանձին ընտրություն կկազմակերպվի, այսինքն՝ մեծամասնական ընտրակարգը կգործի այս պարագայում, հակասելով Սահմանադրությանը:



Կանանց քվոտայի հետ կապված հարցը նույնպես գլխացավանք է դարձել. որտեղի՞ց այդքան օրենսդիր կին գտնել: Նախորդ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր 6-րդը ցուցակում պետք է կին լիներ: Սակայն կանանց մի մասը հետագայում ինքնաբացարկ էր ներկայացնում՝ իր տեղը զիջելով տղամարդկանց: Հիմա ուզում են բացառել ինքնաբացարկի հնարավորությունը, կամ եթե կին թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացնում, ապա նրան փոխարինում է ոչ թե ցուցակի հաջորդ տղամարդ թեկնածուն, այլ հաջորդ կին թեկնածուն: Այդ հիմնավորմամբ վերջերս պետաիրավականի նիստում հետաձգվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համանման օրենսդրական առաջարկը, Հովհաննես Սահակյանն էլ մխիթարեց, թե ԸՕ փոփոխությունների ժամանակ դա ավելի հիմնավոր կներկայացվի՝ հավանաբար, արդեն կառավարության կողմից: