Շիրխանյանը միայն թոռնիկով է զբաղվում, ապրում հուշերով

Շիրխանյանը միայն թոռնիկով է զբաղվում, ապրում հուշերով

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ նախկին ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը անտարբեր է դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ, նա ոչ հանրաքվեի ընթացքին է հետեւել, ոչ էլ հետաքրքրված է հետընտրական զարգացումներով՝ արդյունքները չեղյալ հայտարարելու ընդդիմության պահանջով, հետեւաբար գնահատական չի տալիս վերջին ընտրական գործընթացներին«Ինձ դա այլեւս չի հետաքրքրում, բայց ես դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից եմ կողմ եղել խորհրդարանական կառավարման մոդելին, իսկ հիմա քաղաքական գործընթացներին չեմ հետեւում» - «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան վաստակած հանգստի է մեկնել եւ ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունի.«Թոռնիկովս եմ զբաղվում, հուշերով ապրում, ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը թողնում եմ երիտասարդներին»:



Հայ-ադրբեջանական սահմանային անվերահսկելիության հասնող լարվածության պարագայում վտանգավոր չի՞ լինելու խորհրդարանական կառավարումը.«Անվերահսկելի չէ, խիստ վերահսկելի է», կտրուկ արձագանքից «Ի՞նչն է անվերահսկելի, որ ադրբեջանցիները հաճախ են կրակո՞ւմ», ճշտեց նախկին փոխնախարարը.« Ինչպե՞ս կարելի է վերահսկել, որ ադրբեջանցիները հաճախ չկրակեն, ուղղակի համապատասխան պատասխան է տրվում»: Շիրխանյանի խոսքով՝ Ադրբեջանը հաճախ կրակում է իր ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու նպատակով.«Նրանք ոչ թե զոհերն են հաշվում, այլ միջազգային կառույցներին ուղղված որոշակի ուղերձ է, ներքին բազմաթիվ խնդիրներ ունեն ու այդպիսով ուշադրությունը շեղելու միջոց է»: