Պայքարի ևս մեկ անպտուղ տարի

Պայքարի ևս մեկ անպտուղ տարի

Եվս մեկ տարի մենք չկարողացանք հաղթահարել այն մտայնությունը, որ ընդդիմությունը պարտավոր է միշտ և բոլոր իրավիճակներում անհաշտ պայքար մղել իշխանությունների դեմ, հնարավորինս բարձր և անբռնազբոսիկ հայհոյել, որ ընդդիմադիր գործիչների աչքերը պետք է անպայման չռված լինեն, շնչառությունը՝ ընդհատվող, ձեռքերն առաջ պարզած, որ խեղդեն առաջին պատահած իշխանավորին: Նորմալ երկրներում այդպես չէ, իհարկե, բայց այնպես էլ չէ, որ նորմալ երկրներում ընդդիմադիրները կեղծավոր են և չեն ցանկանում գալ իշխանության: Հետևաբար խնդիրը քաղաքական պայքարի մեթեդաբանության մեջ է՝ ի՞նչ մեթոդներ են ընտրում նրանք, և ինչ մեթոդներ՝ մերոնք:



Երբ հրապարակում էր հրաշալի եռյակը, շատերն այդ եռյակից ավելի ընդդիմադիր բան չէին էլ պատկերացնում: Մինչդեռ դա ոչ թե ընդդիմություն էր, այլ ընդդիմության տնազ: Ես կարող եմ գրազ գալ եռյակի ուժերից բոլորի հետ, որ նրանք իրենց պայքարի ամիսներին այդպես էլ գոնե մեկ բարեփոխում չառաջարկեցին, ծրագիր չներկայացրեցին: Մարդկանց հրապարակում պահողը ոչ թե ընդդիմադիր գաղափարներն էին, այլ Գագիկ Ծառուկյանի խոստումը՝ որ ես գամ դուք լավ եք ապրելու: Հենց գաղափարական ամլությունն էր պատճառը, որ նույն Գագիկ Ծառուկյանը, չտեսնելով պայքարի այլ շարունակություն, Երևանում ծովացող ժողովրդին ուղարկեց տուն՝ հայտարարելով պայքարը մարզերում կազմակերպելու մասին: Այդ ժամանակ տեսնել էր պետք ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ից ավելի ՀԱԿ ձևացող ԲՀԿ-ականների աչքերը: Իսկ ո՞ւմ էին նրանք մեղադրում: Մի՞թե Գագիկ Ծառուկյանին, ով նույնիսկ իր ամենամղձավանջային երազում չէր կարող պատկերացնել, որ մի օր կկանգնի նույն հարթակին՝ առատության եղջյուրից թափվող բարիքները վայելող և իշխանություններին բառիս բուն իմաստով հայհոյող խաժամուժի հետ: Այո խաժամուժի, որովհետև եթե երեք կուսակցություն, ինչպես իրենք էին ասում՝ ազդեցիկ, չեն կարողանում որևէ նորմալ բան հակադրել իշխանություններին, խաժամուժ են, ուրիշ ոչինչ:



Այսօր հրաշալի եռյակի սխալները կրկնելով է զբաղված նաև «Նոր Հայաստանը». դարձյալ հայհոյող, դարձյալ անծրագիր, դարձյալ անապագա: Անփառունակ եռյակի երկու ուժեր՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն չմիացան այդ շարժմանը: «Ժառանգությունից» 2-3 մարդ միացավ միայն: Կարիք չկա տարակուսած հարց տալու՝ ինչո՞ւ: Պատասխանը նույնն է՝ պայքարը, որ սկսել է «Նոր Հայաստանը» (գուցե արդեն նաև ավարտել է) իրականում հեռու է քաղաքական պայքար լինելուց: Միակ քաղաքական պահանջը իշխանություններից սա է՝ դուք հեռացեք, մենք գանք, իսկ միակ կոչը՝ հեղափոխությունը սկսվել է, ժողովուրդ, միացեք: Եվ եթե ոմանք սա նորմալ են համարում, օրինակ՝ բազմափորձ Րաֆֆին, ապա ենթադրվում է, որ նրանք հիմա պետք է կանգնած լինեին նախագահականի առաջ, որպեսզի հենց ռեժիմը հեռանա, իրենք ներս մտնեն: Բայց չկա նման բան, չէ՞: Րաֆֆին Ամերիկայում է, մյուս առաջնորդները Ամանորի եռուզեռի մեջ, իսկ մի քանի երիտասարդ ակտիվիստ էլ սպասում են, թե հունվարի կերուխումից հետո լիդերները կվերադառնան: Իսկ նրանք, պատկերացրեք, առանձնապես ամաչկոտներից չեն: Կգան ու կհայտարարեն՝ առաջիկա մարտի 1-ն առանց ռեժիմի: Հետո՞...



Ի տարբերություն այս ընդդիմության, կա նաև Հրանտ Բագրատյանի ընդդիմադիր տեսակը: Ամենևին չընդունելով նրա շատ հայացքներ ու չհամաձայնելով նրա շատ հայտարարությունների հետ, կարող ենք վստահեցնել, որ նա ոչ մի բան հենց այնպես չի ասում, որ նա աշխատում է, հասկանում է պրոցեսները, պայքարում է կառավարության սխալների դեմ, դրանք շտկելու ուղիներ առաջարկում, իսկ որակումներ տալու մեջ էլ առանձնապես ժլատ չէ, թեև չի հայհոյում: Յաման ընդդիմադիրներից կարելի է լսել՝ ծախված է: Ծախվածը հենց իրենք են, որ դեռ մի գործ չսկսած՝ տապալում են: Ժողովրդին ամեն անգամ հիասթափեցնելը ամենամեծ ծախվածությունն է:



Մենք միտումնավոր որևէ բառ չենք ասում մյուս ընդդիմադիր կուսակցությունների մասին. ծայրահեղ ընդդիմադիրներից ավելորդ վայրահաչություններ լսելու հավես չկա: Ընդամենը մեկ նկատառում՝ ընդդիմություն-իշխանություն պայքարն, ի վերջո, դադարելու է մորթոցի լինելուց: Ի վերջո մենք էլ ոտք ենք դնելու քաղաքակիրթ ազգերի ճանապարհին: Սա ամենևին չի նշանակում որ պայքար, որպես այդպիսին չի լինելու: Ընդհակառակը: Պարզապես այդ պայքարն այլևս չի լինի մեր պատկերացրածը՝ երբ ընդդիմությունը կուրծք է պատռում, իսկ իշխանությունը՝ արհամրհում: